Ոստիկանության տարածած վարկածը, թե օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հետ կապված միջադեպի պատճառ հանդիսացել է առանց դնչկալի ման եկող շան տիրոջը նկատողություն անելը, իրականությանը չի համանապատասխանում. իրականում կարմիր բերետավորներները խուզարկելիս են եղել մի քաղաքացու, եւ ոստիկանությունը, հասկանալով, որ այդ գործողությունը հակաօրինական է, միջադեպի պատճառ նշել է շան պատմությունը։ 

Օգոստոսի 15-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

«Խնկո Ապոր անվան գրադարանի մոտ երկու կարմիր բերետավորներ խուզարկելիս են եղել մի քաղաքացու։ Նրանց է մոտեցել ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը, եւ առաջարկել ներգրավվել որպես ընթերակա։ Խոսակցությունը երկուստեք շատ բարեկիրթ է ընթացել։ Սակայն երբ մոտեցել է Տիգրան Առաքելյանը, ոստիկաններից մեկն ասել է. «Արա, սրան ես ճանաչում եմ, սրանք լեւոնականներ են», ինչից հետո վիճաբանություն է սկսվել, որն ուղեկցվել է մեր ակտիվիստների նկատմամբ դաժան բռնություն գործադրելով։

Մյուս հինգ երիտասարդները զբոսնելիս են եղել Ազատության հրապարակում եւ մոտեցել են խմբին։ Նրանք տեսել են, որ Տիգրան Առաքելյանը տապալված է գետնին եւ երկու կարմիր բերետավորներ հարվածում են նրան։ Տղաների ջանքերը՝ հանդարտեցնել կարմիր բերետավորներին, ապարդյուն են անցել։ Ավելին, նրանց եւս բռնությամբ մեքնաներ են նստեցրել եւ բերել ոստիկանություն։ Տղաների հանդեպ բռնությունները շարունակվել են նաեւ ոստիկանության ճանապարհին, ինչպես նաեւ ոստիկանական բաժանմունքում։

Ոստիկանությունում ՀԱԿ ակտիվիստները շտապօգնություն եւ փաստաբան են պահանջել։ Բժշկուհին, ով զննել է նրանց, իր իսկ ձեռագրով գրել է, որ Տիգրան Առաքելյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի մոտ ուղեղի ցնցում է կասկածում։

Մենք այդ գրառմամբ լուսանկարն  ունենք։ Այնուհետ եկել են փաստաբանները, որոնց խոչընդոտել են,  եւ փաստաբանները երիտասարդներին հանդիպել են 40 րոպե ուշացումով։ Ընդ որում, փաստաբաններից մեկին հարվածել են, մյուսի հեռախոսն են վերցրել, իսկ ահա երիտասարդերի ձերրբակալման բոլոր որոշումները կայացվել են առանց փաստաբանների մասնակցության»,- պատմեց Մուսինյանը։

Ամփոփելով՝ նա հայտարարեց, որ ՀԱԿ-ն անելու է ամեն բան` սատար կանգնելու ինչպես փաստաբաններին, այնպես էլ երիտասարդ ակտիվիստներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 12-ին Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել, իսկ մյուսներին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ: