Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 17-ին, տեղի ունեցավ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի՝ Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ դեմ ներկայացրած հայցով դատական առաջին նիստը։

Հովհաննես Կաթրջյանը, ով 1985 թվականից ապրում է սրտի խթանիչով եւ վիրահատվել է 7 անգամ, հայցում նշում է, թե վերոնշյալ ՍՊԸ-ում 2008թ. կատարված հերթական վիրահատության ժամանակ 10 տարի ժամկետով խթանիչի փոխարեն իրեն 6 տարի 9 ամիս ծառայության ժամկետով խթանիչ են տեղադրել։ Կաթրջյանը դատարան ներկայացրած հայցով խնդրում է «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնից» բռնագանձել  1 մլն 925 հազար դրամ գումար:

Հովհաննես Կաթրջյանը դատավորին հայտնեց, որ գնային տարբերությունը բացահայտել է  ինտերնետի միջոցով՝ խթանիչ սարքն արտադրող «Բիոտրոնիկ» ընկերությունից, եւ դատավորին, որպես ապացույց, հանձնեց ընկերության  ներկայացուցչի՝ իրեն անգլերենով գրված պատասխան նամակը։ Դատավորն իր հերթին նկատեց, որ նամակը որպես ապացույց չի կարող դիտարկվել, քանի որ թարգմանված չէ հայերեն։

Երբ պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մուրադ Ասրյանը հարցրեց, թե ունի արդյո՞ ք Կաթրջյանն ապացույց սարքի գնի վերաբերյալ, վերջինս նրան տրամադրեց սրտի խթանիչ սարքերի գնացուցակը։ Ասրյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ժամանակ հատկացնել՝ փաստաթղթին ըստ էության ծանոթանալու համար։ 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10-ին։

Նշենք, որ NEWS.am-ը ժամանակին անդրադարձել է այս դեպքին: «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը» հայց է ներկայացրել լրատվական գործակալության դեմ` 2 միլիոն դրամ պահանջելով: Հայցը ներկայումս քննվում է  Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում