Facebook սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել, որի անդամները պահանջում են գտնել ու պատժել օգոստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում 18-ամյա Աղասի Աբրահամյանի սպանության մեղավորներին: Խումբը կոչվում է «Գտնել եւ պատժել»:
«Նորանկախ մեր պետությունը պարտավոր է սնել ու փայփայել ամեն մի զինվորի, քանզի այս անկախությունը զինվորի արյունով ու խիզախությամբ է վաստակվել: Շարունակաբար տեղեկանալով այսպիսի ցավալի դեպքերի մասին, հայ երիտասարդը երկմտանքով է վերաբերվում ազգային բանակում ծառայելու փաստին: Շատերի մոտ այդ տարակուսանքը վերածվում է վախի, մինչդեռ վախը զինվորի ամենաառաջին թշնամին է»,- նշում են խմբի անդամները:
Նշենք, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում խմբին է միացել ավելի քան 760 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ օգոստոսի 26-ին բանակում մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Նրանք նշում են, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 18-ամյա Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:
Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին:




























