News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը հակաժողովրդավարական է համարում իր՝ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվելու որոշումը, որի մասին օրեր առաջ տեղեկացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։

«Այս որոշումը արհեսատական բնույթ  է կրում, ապացուցում է Կառավարության ապազգային լինելը։ Նրանք նպատակ են հետապնդում քանդել Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը։ ԱԱԾ–ի նամակի մեջ չկա որեւէ փաստարկ, թե ինչու եմ ես համարվում անցանկալի անձ, պատճառաբանում են գաղտնիությունը։ Հայաստանում եւ Արցախում ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես կապ չունեմ որեւէ հակօրինական գործի հետ։ Իմ գործունեությունը մեծապես եղել է մարդասիրական բնույթի։ Կասկած չունեմ, որ այս որոշումը քաղաքական է, մտահոգություն կա՝ սա միայն ներքաղաքական որոշմա՞ն հետեւանք է, թե՞ նաեւ արտաքին միջամտություն կա։ Սփյուռքում ՀՅԴ երիտասարդ միությունները թիրախավորում են ադրբեջանական, թուրքական դեսպանատները, կամ էլ  ադրբեջանամետ, թուրքամետ գործիչներին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Նժդեհ Գարագավորյանը։

Նժդեհը Հայաստան պետք է գար, որ փետրվարի 6-10 Սյունիքի մարզում մասնակցեր ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին։ Նրա խոսքով՝ ավելի քան 25 երկրից ներկայացուցիչներ են ժամանելու Հայաստան։ Ֆրանսիայից ՀՅԴ–ական մյուս ներկայացուցիչները կլինեն միջոցառմանը։

«Այդ համագումարին պետք է քննարկվեր եւ իմ բացակայության ժամանակ էլ պետք է քննարկվի Արցախի պաշարման վերաբերյալ մեր անելիքները, պետք է համադրել Սփյուռքի կարողությունները եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մենք չենք կիսում Նիկոլ Փաշինյանի զիջողական, պարտվողական մոտեցումը։ Նրա առաջարկած «խաղաղության» օրակարգը  կեղծ է, այն մեծ աղետ է մեր ժողովրդի համար, միգուցե նաեւ կորուստներ պատճառի։ Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու քաղաքականությամբ մեզ հանգեցրել է այս իրավիճակին, մենք շատ բան ենք կորցրել, ինչը վերականգնելու համար պետք է պայքարենք, վստահ ենք, որ մենք շիտակ ճանապարհի վրա ենք։ Ազգային–ազատագրական պայքար լինելու է, մեր կարմիր գծերը չեն հատվելու, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմի մեջ»,–ընդգծեց Նժդեհ Գարագավորյանը։

Ավելի վաղ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը: Առանց որեւէ պատճառաբանության` Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել նաեւ  «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

Ամիսներ առաջ էլ Հայաստանի համար անցանկալի անձինք էին ճանաչվել ՀՅԴ ղեկավարներ եւ ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը։

«Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները հարյուրապատկեն իրենց հալածանքների, բռնաճնշումների եւ ապօրինի գործողությունների ուժգնությունը, ապա այն ի պատասխան բախվելու է դաշնակցական երիտասարդության համոզումների եւ ընթացքի հազարապատիկ անգամների ամրացմանն ու կարծրացմանը։ ՀՅԴ երիտասարդությունը անշեղորեն մնում է հավատարիմ իր սկզբունքներին եւ հանձնառությանը` հակառակ այս վարչակազմի բոլոր ստոր փորձերի: Շատերն են փորձել հայրենիքը մեր էությունից անջատել, սակայն ոչ ոք չի հաջողել»,– ասվում էր ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ