News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը, հենց դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել է իր դասարանի 9-ամյա 6 տղաների մազերը: Այս մասին վրդովված պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած մեր գործընկերը` «Հ2»-ի լրագրող Արամ Գրիգորյանը, ում որդու մազերը եւս կտրել էր դասղեկը:

«Այսօր երեխաս եկավ տուն` առջեւի հատվածում մազերը կտրված, ուսուցիչն ասել է, որ «ձեր մազերը երկար է, քանի օր է` զգուշացրել եմ», այնինչ, իրոք չի զգուշացրել: Գիտեք, որ սեպտեմբերի 1-ի նախօրեին բոլորը գնում են վարսավիրանոց եւ այս 15 օրում դժվար թե մազերի երկարությունն այն աստիճանի հասներ, որ կտրեր: Եվ ի վերջո` ինքը չի որոշում, թե իմ երեխայի մազերը որքան երկար պետք է լինեն»,- ասաց զայրացած ծնողը` հավելելով, որ ուսուցչուհին այնպես է կտրել, որ երեխաները ստիպված պետք է գնան կամ քաչալանան կամ շատ կարճ կտրեն մազերը:

Նրա խոսքով` դասղեկը երեխաներին կանչել է գրատախատակի մոտ, որ կտրի նրանց մազերը, աշակերտները խնդրել են դա չանել` ասելով «մեր մամաներին կասենք, կտանեն վարսավիրանոց, իսկ ուսուցչուհին էլ  ասել է` «Ես կկտրեմ, դուք կգնաք վարսավիրանոց» ու կարգին խրթացրել է»:

«Դասվարն ասում է, թե կատակ եմ արել մայրաբար: Ասացի վաղը մենք ընտանիքով գանք ձեր տուն ձեր մազերը կտրենք, տեսնեմ` գոհ եք, ասում է» «Ո՞նց, դժգո՞հ եք, որ ձեր երեխայի մազերը կտրել եմ», ասում եմ` «Չէ, շնորհակալ եմ, վաղը 500 դրամը կուղարկեմ»,- պատմեց ծնողը` հավելելով, որ  մի քանի աշակերտների, հավանաբար մեծահարուստի զավակների, զգուշացրել է, որ կտրեն իրենց մազերը:

Մեր գործընկերը պատմեց, որ այդ թեմայի շուրջ արդեն խոսել է դպրոցի տնօրենի հետ, ով խոստացել է զանգահարել եւ ամոթանք տալ ուսուցչուհուն, իսկ այնուհետեւ զանգահարել եւ ասել է, որ հիմա ուսուցչուհին կզանգի եւ ներողություն կխնդրի. «Դրանից իմ երեխայի մազերը չի երկարի, ասել եմ` կամ իմ երեխան դուրս է գալիս եւ գնում մեկ ուրիշ դպրոց, կամ էլ ուսուցչուհուն տեղափոխեք: Ես իմ երեխային  ուղարկել եմ դպրոց` դաս սովորելու, ոչ թե վարսավիրանոց»,- ասաց ծնողը:

Նա դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժին: Ծնողը նշեց, որ  կամ իր երկու երեխաներին կտեղափոխի այդ դպրոցից, կամ էլ ուսուցչուհին պետք է պաշտոնապես ներողություն խնդրի մամուլով եւ չդասավանդի իր երեխային:

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ  Գայանե Թանգյանն արդեն հեռացված է դասղեկությունից, նա այլեւս դասղեկ չի աշխատի, բայց կշարունակի դպրոցում քիմիա եւ այլ առարկաներ դասավանդել: Տնօրենը նշեց, որ ուսուցչուհին բազմիցս ներողություն է խնդրել. «Հիմարություն է արել, ապուշություն է արել, ինչ պատճառաբանություն ուզում է գտնի, ո՞նց  է պատճառաբանել, ասել է, որ մի քանի անգամ զգուշացրել է, չեն կտրել, ինքն է կտրել դասարանում, մի փոքրիկ մազափունջ է վերցրել»,- ասաց տնօրենը:

Տպել
Ամենաշատ