Օպերային երգիչ, հայտնի «Լունա» երգի կատարող Ալեսանդրո Սաֆինան այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ վիրավորված հեռացավ սրահից, թեեւ ասուլիսը դեռ չէր ավարտվել եւ լրագրողները հարցեր ունեին: Ասուլիսում լարված իրավիճակի առաջացման պատճառը, թերեւս, այն էր, որ երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան, թե արդյոք վատ չե՞ք զգում, որ փոխարինում եք մեկ այլ երգչի` Սեզարիա Էվորային, նրա չկայացած համերգի պատճառով, կազմակերպիչները սկզբում հրաժարվեցին թարգմանել հարցը, փորձելով իրենք պատասխանել, թե «սա փոխարինման հարց չէ, համերգին չեն գալիս մեկ այլ տոմսերով, այլ իր տոմսերով եւ սա իր համերգն է»:

Իսկ երբ լրագրողը պնդեց իր հարցը ու կազմակերպիչների միջեւ բանավեճ ծավալվեց, եւ երգիչը հարցրեց, թե ինչ է կատարվում, կազմակերպիչները ստիպված էին հարցը թարգմանել, սակայն այս դեպքում եւս այն սխալ թարգմանվեց, (նշեցին, թե մեկ այլ երգչի համերգին շատ մոտ է այս համերգը):

«Եթե ես եկել եմ, ես արդեն ուրախ եմ»,- նշեց Ալեսանդրո Սաֆինան` հետաքրքրվելով, թե արդյոք իրենց դուր չի՞ գալիս, որ ինքը Հայաստանում է:

Սրահում աժոտաժը չէր ավարտվել, երբ այս հարցից հետո հնչեց մյուս հարցը, թե երգիչն ի՞նչ գիտի Հայաստանի մասին: «Ես փոքր-ինչ ծանոթ եմ ձեր մշակույթին եւ ավելի շատ գիտեմ Շառլ Ազնավուրի մասին»,- ասաց նա:

Լրագրողը, շարունակեց իր հարցը եւ հետաքրքրվեց, թե արդյոք երգիչը լսե՞լ է ցեղասպանության պահանջի մասին եւ ասուլիսը վարողը հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում եւ լրագրողին խնդրեց  փոխել իր խոսքի հնչերանգը, սկսվեց վիճաբանություն, երգիչն, ըստ երեւույթին վիրավորված եւ չհասկանալով, թե ինչ է կատարվում ասաց. «Ինչ-որ մեղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»:

Եվս մեկ հարցի պատասխանելուց հետո Ալեսանդրո Սաֆինան վեր կացավ եւ հեռացավ սրահից, իսկ ասուլիսը համարվեց ավարտված:

Տպավորություն էր, որ Ալեսանդրո Սաֆինային չէին տեղեկացրել, որ իր համերգը փոխարինում է Սեզարիա Էվորայի չկայացած համերգին, թեեւ կազմակերպիչներից Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ երգիչը տեղյակ է այդ մասին:

Այնուամենայնիվ, մինչ այդ միջադեպը  մի քանի հարցերին երգիչը հասցրել էր պատասխանել, մասնավորապես` նշել էր, որ սեպտեմբերի 29-ին, հայ հանդիսատեսի համար կկատարի իտալական, պոպուլյար երգեր, դուետներ, մի խոսքով` լավագույն ընտրանին: Երգիչը նշեց, որ հայ երգիչներից նա լսել է Շառլ Ազնավուրի երգերը:

Համերգի կազմակերպիչները նշեցին, որ իրենք մեծ ցանկություն ունեին ներկայացնելու համաշխարհային մեծության աստղ եւ դա կայացավ, ըստ որում` սա առաջինն է, բայց ոչ` վերջինը:

Հիշեցնենք, որ «Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին չեղյալ հայտարարված համերգի փոխարեն նույն օրը կայանալու է Ալեսանդրո Սաֆինայի համերգը: Ինչպես NEWS.am-ին հայտնել էր «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Սաֆինայի համերգը կայանալու է սեպտեմբերի 29-ին, ժամը 21-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։Նա նաեւ նշեց, որ տոմսերի գինը մնալու է նույնը, եւ Սեզարիայի Էվորայի համերգի տոմս գնած անձինք կարող են մասնակցել նոր համերգին: Իսկ ովքեր չեն ցանկանա մասնակցել, կարող են հետ տալ տոմսերը: Ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը հայտնել էր, որ մոտ 400-450 տոմս է վաճառվել, մեծամասամբ` հրավիրատոմսեր են բաժանվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Grammy եւ Victoire de la Musique մրցանակների դափնեկիր Սեզարիա Էվորան ուղեղի կաթված է ստացել, ծանր առողջական վիճակում է եւ ոչ միայն  չեն կայանա նրա` առաջիկայում նախատեսված համերգները, այլեւ նրա կարիերան ավարտվել է: Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելո բնակավայրում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար: