Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանը, ում մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, սեպտեմբերի 23-ին դուրս է գրվել Նորքի հոգեբուժարանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը` Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով` այժմ որդին գտնվում է տանը, օգտագործում է անհրաժեշտ դեղերը, քաղաքի լավագույն հոգեբանի եւ հոգեբույժի մոտ են տանում:
«Հիմա գոնե քնում է, ճիշտ է, քիչ է քնում, առավոտյան էլ շուտ է արթանանում, դուրս է գալիս, ման է գալիս, հսկում ենք իրեն, չենք թողնում հեռու տեղեր գնա»,- ասաց հայրը: Տղայի բուժումը ծնողները կազմակերպում են ԱՄՆ-ից ծանոթների եւ անծանոթների տրամադրած գումարների շնորհիվ: Բժիշկները, ծնողի խոսքով, հույս տալիս են, ասում են` կբուժվի, բայց եթե ընտանիքը ֆինանսական միջոցներ ունենար, Պաշտպանության նախարարությունը օգներ, տանեին Գերմանիա, ապա ապաքինվելու հավանականությունը ավելի մեծ կլիներ: Իսկ այժմ, Վարդան Վարդանյանի խոսքով, ՊՆ-ն ոչնչով չի աջակցում, նույնիսկ չեն զանգել` տեսնեն երեխան ինչպես է: Ինչ վերաբերում է կազմակերպված դրամահավաքին, ապա հայրը տեղյակ չէր դրանից, նրան այդ գումարը չէր հասել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում սարսափելի դեպք է տեղի ունեցել, նա խելագարվել է: Պարզվել է, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում (տեսանյութ): Ավելի ուշ մամուլի հրապարակումներից հետո, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե նորմալ է, որ ծնողներին չեն տեղեկացրել որդու խելագարության մասին: «Իսկ ինչո՞ւ պետք է տեղեկացնեին: Բանակում կա այսպիսի կարգ. տեղեկացնում են ծանր դեպքերի, ծանր միջադեպերի մասին, որտեղ կարիք կա, որ ծնողի մասնակցությունն անհրաժեշտ է»,- ասել էր նա:



























