Հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը մի շարք խնդիրներ է հարուցել գործարարների համար:
Օրենսդրության համաձայն` հոկտեմբերի 20-ին լրացավ հարկային մարմնին եռամսյակային հերթական հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը:
2011 թ. հունիսից Հայաստանում օրենսդրական փոփոխություններով սահմանվել է նոր կարգ` 58.3 մլն դրամ ավելի շրջանառություն ունեցող բոլոր ընկերությունները հաշվետվություն պետք է ներկայացնեն միայն էլեկտրոնային տարբերակով: Ի դեպ` էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրումը բարձր է գնահատվում միջազգային կառույցների կողմից, եւ այն գործոններից է, որ կնպաստի doing business-ում Հայաստանի դիրքի բարելավմանը:
Սակայն իրականում այս ոլորտում հայ գործարարները բախվում են մի շարք արհեստական խոչընդոտների: NEWS.am զանգահարած գործարարը դժգոհեց, որ հոկտեմբերի 20-ի առավոտվանից չեն կարողացել հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկել, իսկ 1 օր ուշացնելու համար ստիպված կլինեն տուգանք վճարել 20 հազ. դրամով: «Կայքը այնպես են արել, որ չկարողանանք ուղարկել, կապվում ենք սպասարկման բաժին` ասում են թարմացում է գնում»,- նշեց գործարարը:
NEWS.am-ը նույնպես փորձեց ճշտել իրավիճակը: Նույն օրը թեժ գծով կատարած զանգին (ներկայանալով որպես գործարար) ի պատասխան օպերատորն ասաց, որ չգիտես ինչու` բոլոր գործարարները վերջին օրով են հաշվետվություն ուղարկում, որից կայքը ծանրաբեռնվում է: «Եթե մի 2 ժամ փորձեք` կստացվի»,- խորհուրդ տվեց օպերատորը, իսկ հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ տվեց զանգահարել մեկ այլ համարով (59 48 37, Անահիտ): Սակայն այդ համարը 2 ժամից ավելի զբաղված էր ցույց տալիս, եւ չէր պատասխանում:
Նշենք, որ «վերջին օրով» հաշվետվություն ուղարկելն օրենսդրությանը չի հակասում, իսկ գործարարները «վերջին օրվա» սինդրոմը բացատրում են այն հանգամանքով, որ հաշվապահները հաշվետվություն ուղարկելուց առաջ ցանկանում են վերջնականապես համոզվել թվերի ճշտության մեջ: Ստացվում է` էլեկտրոնային հաշվետվությունը ոչ միայն չի նվազեցրել ժամանակի անհարկի ծախսը, այլեւ նոր խնդիրներ է հարուցել: Բանը հասել է նրան, որ գործարարները պարզապես կասկածում են` արդյո՞ք ՊԵԿ-ը միտումնավոր չի խափանում կայքի աշխատանքը, որպեսզի կարողանա տուգանքներ գանձել ու բյուջեի պլամը կատարել:
NEWS.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ ՊԵԿ լրատվական ծառայությունից, որտեղից առաջարկեցին հարցն ուղարկել գրավոր: Քանի որ աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական պարզաբանում այդպես էլ չներկայացվեց, ՊԵԿ-ի արձագանքին NEWS.am-ը կանդրադառնա ավելի ուշ:
Սամվել Ավագյան




























