Երբ բնակչության մեծ մասն անհետացավ, Ճապոնիայի գյուղերից մեկի բնակիչները նոր ծրագիր հորինեցին․ կյանքը ավելի քիչ միայնակ դարձնելու համար մարդկանց փոխարինեցին տիկնիկներով: Իչինոնոյում 60-ից պակաս մարդ է ապրում, և նրանց մեծ մասն արդեն հասել է կենսաթոշակի տարիքի, քանի որ երիտասարդները մեկնել են աշխատելու կամ սովորելու:
Դրա համար էլ, օգտագործելով հին հագուստները, գործվածքները և մանեկենները, բնակիչները ստեղծել են տիկնիկների բնակչություն, որպեսզի իրենց հետ ընկերություն անեն։ Որոշ տիկնիկներ ճոճվում են ճոճանակների վրա, մյուսները հրում են վառելափայտով սայլերը՝ ժպտալով այցելուներին:
«Տիկնիկները, հավանաբար, թվով գերազանցում են մեզ», - AFP լրատվական գործակալությանն է ասել 88-ամյա այրի Հիսայո Յամազակին:
Ըստ Յամազակիի, Իչինոնոյում ընտանիքների մեծ մասը նախկինում երեխաներ ուներ, սակայն նրանց համոզեցին տեղափոխվել այլ վայրեր:
«Հիմա մենք հատուցում ենք դրա համար», - ավելացրել է նա:
Ըստ վիճակագրության բյուրոյի անցյալ ամիս հրապարակված տվյալների, «Տարեցների օրվան» ընդառաջ Ճապոնիան ունի 65 և ավելի մեծ տարիքի մարդկանց ամենաբարձր տոկոսն աշխարհում։
Մինչ երկրի ընդհանուր բնակչությունը նվազում է, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 36,25 միլիոն, որը կազմում է ընդհանուր բնակչության 29,3%-ը։




























