Ռուսական ձկնորսական «Սպարտա» նավը Անտարկտիդայի ափերում աղետի եզրին է: Նորզելանդական փրկարարական գործողությունների համակարգման կենտրոնը տեղեկացնում է, նավի վրա ճեղք է առաջացել եւ այն աղետի ազդանշաններ է տալիս: «Սպարտա»-ն, որի վրա 32 ուղեւոր կա, Նոր Զելանդիայից գրեթե չորս հազար կիլոմետր հարավ-արեւելք է գտնվում:

Այնտեղ փրկարարական նավեր են ուղարկվել, սակայն դրանք միայն 5 օրից տեղ կհասնեն, քանի որ սառույցները խոչընդոտում են նավերի ընթացքը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նավի վրա 15 ռուս կա, 16 ինդոնեզացի եւ Ուկրաինայի մեկ քաղաքացի: Խմբի մի մասը տեղափոխվել է փրկարարական լաստեր, մնացածները փորձում են փրկել նավը:

Նավի վրա ջրագծից ներքեւ գտնվող հատվածում ճեղք է գոյացել, ջուրը սկսել է լցվել պահեստներ: Չնայած կարկատաններին եւ արտամղման պոմպային համակարգին, ջրի հոսքը կանգնեցնել չի հաջողվում: