Երեւանի Իսակովի փողոցում «ԱրմենՏել»-ի կապը չի գործում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին վրդովված ընթերցողները։ Ըստ խմբագրություն զանգահարած ընթերցողների՝ բջջայինի օպերատորի կապը չի գործում դեկտեմբերի 14-ից։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը հաստատեց տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Իսակովի 11 հասցեում տեղակայված բջջային կայանը եւ ալեհավաքը հոսանքազրկված է, սակայն կայանի աշխատանքը վերականգնելու նպատակով դեպքի վայր մեկնած «ԱրմենՏել» ՓԲԸ աշխատակիցներին արգելել են մուտք գործել շենքի տարածք։
Ըստ Բեղլոյանի՝ տարածքը պատկանում է ՀՀ կառավարությանը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային հեռախոսակապի կայանը այնտեղ տեղադրվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ դեռեւս 2005թ. ծառայությունների մատուցման մասին պայմնագրի հիման վրա: Պայմանագրով սահմանված վարձակալության ամսական վճար էր սահմանվել 150 հազար դրամը (ներառյալ ԱԱՀ) իսկ 2011թ. հունվարի մեկից վարձավճարը դարձել է 172 հազար 500 դրամ։ Սակայն 2011թ. օգոստոսին «ԱրմենՏել» ՓԲԸ-ը ստացել է կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի նամակը այն մասին որ վարձավճարը անընդունելի է եւ առաջարկում սահմանել 600 այն հազար դրամ։
Սա առաջին դեպքը չէ երբ կապի օպերատորները խնդիր են ունենում պետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների վրա կապի միջոցներ տեղադրելիս: Ընդ որում, վեճը միշտ զարգանում է նույն սցենարով` համաձայնեցվում է վարձավճարը, կնքվում պայմանագիր իսկ միառժամանակ հետո, երբ օպերատորը կատարելով լուրջ ծախսեր տեղադրում է իր սարքավորումը այս կամ այն պետական մարմնի ներկայացուցիչը պահանջում է բարձրացնել վարձը, շատ անգամ առան որևէ հիմնավորման: «ԱրմենՏելը» դեռ 2010թ. բարձրացրել է այս հարցը Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող խորհրդի միջոցով՝ դիմելով ՀՀ վարչապետին պետական եւ համայնքների սեփականություն հանդիսացող շենքերում եւ շինություններում, ինչպես նաեւ դրանց տանիքներին ալեհավաքների եւ հեռահաղորդակցության սարքավորումների տեղադրման, այդ թվում՝ վարձավճարների, կանոնակարգման անհրաժեշտության հարցով։
Վարչապետի հանձնարարությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է եվրոպան Թայեքս ծրագրին` միջազգային փորձագետների մասնակցությամբ միջազգային փորձն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Դեկտեմբերին տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող խորհրդի նիստում ՀՀ Վարչապետը հանձնարարել է Էկոնոմիկային նախարարությանը հիմք ընդունելով եվրոպական փորձագետների առաջարկությունները մշակել և ընդունել այդ հարցը կարգավորող նորմատիվ ակտեր:
«Մի խոսքով խրթին պատմություն է, սակայն մի բան փաստ է, պայմանագիրը դեռեւս գործում է նախկին պայմաններով, եւ «ԱրմենՏելի» աշխատակիցներին կայանի եւ ալեհավաքի տարածքի մուտք գործելուն խոչընդոտելը դրա խախտում է։
Աշխատակիցներին տարածք մուտք գործելուն խոչընդոտել է Կառավարության աշխատակազմի աշխատակիցներից մեկը, ինչի արդյունքում առ այս պահը «ԱրմենՏել»-ի վերոնշյալ տարածքի բաժանորդները, այդ թվում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները զրկված են բջջային կապից»,- ասաց Բեղլոյանը՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտափույթ լուծում կգտնի։




























