Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, հայտնում է Mehr-ը։
Հաղորդվում է, որ Հաջիևը հանդիպել է նաև Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մեհդի Սանային։
Այս այցը տեղի է ունեցել Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնական հրավերով, գրում է իրանական լրատվամիջոցը։
Իրենց հերթին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ երեկ Հաջիևն այցելել է Իրանում Ադրբեջանի դեսպանությունը։
«Թեհրան կատարած այցի ընթացքում ես հանդիպեցի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Հանդիպմանը, որպես Բաքվում կայացած քննարկումների շարունակություն, մենք մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և մասնավորապես նշեցինք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը»,- ասել է Հաջիևը։





























