Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) համերաշխություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի քաղաքապետարանի՝ գույքը բռնի բռնագրավելու անարդար որոշման առնչությամբ։
«Մենք դատապարտում ենք այս արարքը՝ որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սուրբ վայրերը կառավարող պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում։
Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանում է Սուրբ Երկրի սուրբ ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի, հանրային ծառայության և արդարության փարոս:
Պատրիարքարանի նկատմամբ ձեռնարկած հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղր են, այլ նաև Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին սպառնացող վտանգավոր նախադեպ։
Այս անխոհեմ արարքը Սուրբ քաղաքի քրիստոնեական համայնքների դեմ ուղղված աճող ճնշման և ահաբեկման մի մասն է: Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ սառեցնել բռնագրավման գործընթացը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։
Միջազգային հանրությանը, դրանց թվում՝ կրոնական և քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու քրիստոնյա համայնքների հիմնարար իրավունքները և ապահովելու, որ Սուրբ Երկիրը մնա երկրպագության, խաղաղության և համակեցության վայր բոլորի համար»,- ասված է հայտարարության մեջ։




























