Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աղոթել է Դոնալդ Թրամփի համար այն բանից հետո, երբ այն ժամանակ նախագահի թեկնածուի վրա մահափորձ էր իրականացվել, ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը լրագրող Թակեր Կառլսոնին։

Ուիտկոֆը Կառլսոնին ասել է, որ Պուտինի հետ իր երկրորդ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը խոսել է  անցած ամռանը նախընտրական հանրահավաքում Թրամփի դեմ մահափորձին իր արձագանքի մասին։

«Երբ նախագահին գնդակահարեցին, նա գնացել է տեղական եկեղեցի, հանդիպել քահանայի հետ և աղոթել նախագահի համար»,- ասել է Ուիտկոֆը Պուտինի մասին։

Պուտինն «ընկեր էր նրա հետ, և նա աղոթում էր իր ընկերոջ համար», - բացատրել է նա:

Ուիտկոֆը հավելել է, որ ինքը սենտիմենտալ պատմությունը փոխանցել է Թրամփին, ով «ակնհայտորեն հուզված էր»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ մահափորձ էր իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ։ Նրա վրա կրակել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։