Փաստաբան Ռաֆայել Լեմկինի և փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունները կհայտնվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վրա՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում կոտորվածների պաշտպանության գործում նրանց ունեցած ավանդի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը։

«Բոլորս շատ լավ գիտենք Ռաֆայել Լեմկինի ներդրումը «ցեղասպանության» տերմինի ստեղծման, կոնվենցիայի ընդունման հարցում։ Նրա գերեզմանից արդեն հողը վերցվել է, հունիսի 24-ին տեղի կունենա պաշտոնական արարողությունը։ Հաջորդ անձը, ում անունը կավելանա հուշահամալիրի վրա ֆրանսիացի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն է, որն առանց սպասելու ղեկավարների թույլտվությանը որոշում է կայացրել նավերը մոտեցնել Մուսա լեռանը և փրկել շուրջ 4 հազար հայի»,–ասաց Գզոյանը։