Նյու Յորքում ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթի ժամանակ տեղի է ունեցել կուրյոզ դեպք: Դիրիժոր Ալան Հիլբերթն ընդհատել է Մալերի սիմֆոնիան` դահլիճից հնչող բջջային հեռախոսի համառ զանգի պատճառով:
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, նվագախումբը կատարում էր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիայի ավարտական հատվածը. հնչում էին միայն լարային գործիքները, ընդ որում, բավականին ցածր: Հեռախոսն անդադար զանգում էր մի քանի րոպեների ընթացքում, երբեմն խլացնելով նվագախմբի կատարումը:
Ինչ որ պահի Հիլբերթի նյարդերը տեղի են տվել. նա դադարեցրել է նվագախմբի կատարումը, շրջվել է դահլիճի կողմը եւ խնդրել անջատել հեռախոսը: Սակայն հեռախոսը շարունակել է զանգել:
Հիլբերթը մի քանի անգամ կրկնել է խնդրանքը, մինչեւ, վերջապես մի տղամարդ հանել է հեռախոսը գրպանից եւ անջատել այն: «Այն անջատվա՞ծ է: Այլեւս չի՞ զանգելու»,- հարցրել է դիրիժորը: Ստանալով դրական պատասխան` Հիլբերթը ներողություն է խնդրել դահլիճից, եւ նվագախումբը շարունակել է ելույթը:
Ֆիլհարմոնիայի ներկայացուցիչների խոսքով` առաջին անգամ է տեղի ունեցել նման դեպք: Այդպիսի դեպքերում երաժիշտները հազվադեպ են դադարեցնում ելույթը:
Ինչպես բացատրել է մաեստրոն, անակընկալ զանգը նրան հանել է տրանսի վիճակից: «Ինձ համար դա շոկ էր, քանի որ այդ պահին ես զգայական եւ հոգեւոր առումով գտնվում էի շատ հեռու: Տարօրինակ է, որ ես ստիպված էի մի քանի անգամ խնդրել այդ մարդուն անջատել հեռախոսը; Հնարավոր է, նա պարզապես պարալիզացվել էր հուզմունքից»,- ասել է Հիլբերթը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























