Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն որոշել է  իրեն փորձել հեռուստահաղորդավարի դերում: Նա կվարի միջազգային հանրության ապագային վերաբերող հաղորդումների շարք: Այս մասին ասվում է Wikileaks կայքում:

Հաղորդման հյուրեր կդառնան քաղաքական կարեւոր գործիչները, մտավորականները եւ հասարակական գործիչները: Հաղորդումների շարքը բաղկացած կլինի շաբաթական 10 դրվագներից` 30 րոպե տեւողությամբ: Այն կսկսվի 2012 թվականի մարտի կեսերին: Հաղորդումը կթողարկվի լարային, արբանյակային հեռարձակման ցանցերի միջոցով` հասանելի լինելով  երկրագնդի բնակչության ավելի քան 600 միլիոնի համար:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը դեռեւս դատարանում է: Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիսյի Գերագույն դատարանը կվերանայի Ասանժի վերջին բողոքարկումը բրիտանական արդարադատության որոշման դեմ, ըստ որի` նրան պետք է հանձնեին Շվեյցարիային, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության եւ 2 երիտասարդ կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ:

Ջուլիան Ասանժը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Wikileaks-ում ամերիկյան դիվանագետների եւ քաղաքական գործիչների նամակագրությունը հրապարակելուց հետո: ԱՄՆ-ում նրա դեմ լրտեսության մեղադրանքով գործ էր հարուցվել, իսկ 2010 թվականի վերջին Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում: Ավելի ուշ նա ազատ է արձակվել գրավի դիմաց:

Wikileaks-ի գործունեությունը, ինչպես նշում են ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցները,ԱՄՆ-ի իշխանություններին շատ անհարմար կացության մեջ էին դրել, քանի որ պարզվել էր, որ ամերիկյան դիվանագետներն անձնական խոսակցությունների ընթացքում արտահայտություններ չէին խնայում երկրի իրական դրությունը ներկայացնելու համար, գրում է lenta.ru-ն: