Հռոմի Լևոն XIV պապի՝ թուրքական Իզնիկ քաղաք կատարած այցի ժամանակ՝ նվիրված 325 թվականին Նիկեայի տիեզերական ժողովի տարեդարձին, որին մասնակցում էին արևելյան և արևմտյան եկեղեցիների, ներառյալ՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները, տեղակայվել էր ոստիկանների մեծ թվաքանակ, գրում է Associated Press-ը։

Ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությամբ «Նոր բարեկեցություն» կուսակցության անդամ Մեհմեթ Քայգուսուզը կարդացել է հայտարարություն, որով դատապարտել է Թուրքիայում, նրա խոսքով՝ «Վատիկանի նման հույն ուղղափառ պետություն» ստեղծելու փորձերը։ Կարճ ժամանակ անց ցուցարարների խումբը խաղաղ ցրվել է։

Իզնիկի 35-ամյա բնակիչ Սուլեյման Բուլութն ընդունել է իր քաղաքի խոր պատմական և հոգևոր նշանակությունը քրիստոնյաների համար և ասել, որ ինքը խնդիր չունի նրանց այստեղ գալու հետ՝ իրենց ժառանգությունը պատվելու համար։

«Մահմեդականները նույնպես պետք է գնան և այցելեն այն վայրերը, որոնք մեզ են պատկանում աշխարհի մնացած մասում, Եվրոպայում»,- ասել է նա։

Սակայն 41-ամյա խանութպան Հասան Մարալն ասել է, որ անհարմար է զգացել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցի կապակցությամբ։

«Հռոմի պապի այցն այստեղ հակասում է իմ հավատքին»,- ասել է նա։

Ըստ Վատիկանի վիճակագրության՝ 85 միլիոն բնակչություն ունեցող երկրում կա մոտավորապես 33 հազար կաթոլիկ։

Շաբաթ օրը Հռոմի պապը կշարունակի իր էկումենիկ գործունեությունը, կհանդիպի Բարթուղիմեոսի և այլ քրիստոնյա առաջնորդների հետ։ Նա նաև կայցելի Սուլթան Ահմեդի մզկիթ, որը հայտնի է որպես Կապույտ մզկիթ, և երեկոյան պատարագ կմատուցի Ստամբուլի «Ֆոլքսվագեն Արենա»-ում։ Թուրքիա այցի վերջին օրը Հռոմի պապը կայցելի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Կիրակի Հռոմի պապը կմեկնի Լիբանան՝ որպես իր ճանապարհորդության երկրորդ և վերջին փուլ։