Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարան, հայտնում է Reuters-ը։

Երբ երկուշաբթի օրը Մադուրոն կանգնի դատարանի առաջ, դատավորը, ամենայն հավանականությամբ, նրան կտեղեկացնի ներկայացված մեղադրանքների մասին և կապահովի փաստաբանով:

Մինչև Մադուրոյի դատավարության սկիզբը կարող են անցնել ամիսներ կամ նույնիսկ մեկ տարուց ավելի ժամանակ:

Վերջիվերջո, դատախազները կարող են առաջարկել մեղքի ընդունման գործարք կատարել՝ դատավարությունից խուսափելու համար:

Սպասվում է, որ Մադուրոյի գործը կքննի ԱՄՆ շրջանային դատավոր Էլվին Հելերշտեյնը, քանի որ հենց նա է նշանակվել 2020 թվականին Մադուրոյի դեմ հարուցված գործը քննելու համար:

92-ամյա իրավաբանը սկեպտիկորեն է վերաբերվել այլ աղմկահարույց գործերի վերաբերյալ Թրամփի վարչակազմի փաստարկներին: Այս տարվա սկզբին Հելերշտեյնը մերժել էր վենեսուելական հանցախմբերի ենթադրյալ անդամներին «Օտարերկրյա թշնամիների մասին» օրենքի համաձայն արտաքսելու փորձերը՝ հայտարարելով, որ պատերազմական ժամանակաշրջանի այդ օրենքը Թրամփի վարչակազմի կողմից կիրառվել է ոչ իրավաչափ կերպով: