2025 թվականին Իսպանիայում վաճառվել է ավելի քան 714 հազար տուն և բնակարան, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 2007 թվականից՝ հիփոթեքային «պղպջակի» գագաթնակետից ի վեր։

Միջինում մեկ քմ-ի արժեքը կազմել է 2230 եվրո, ինչը գերազանցել է «պղպջակային» մակարդակը՝ նույնիսկ հաշվի առնելով ինֆլյացիան, հաղորդում է Euronews-ը։ Ներկայումս պահանջարկը, ըստ որոշ փորձագետների, 4 անգամ գերազանցում է առաջարկը․ 2025-ին գործարքների 78%-ը բաժին է ընկել երկրորդային շուկային, թեև նոր բնակարանների շինարարության ծավալները  վերջին 15 տարվա մեջ ամենաբարձն են եղել։

Այս անհամաչափությունը հանգեցնում է չափազանց լարված շուկայի, որտեղ անընդհատ աճող գները, որքան էլ պարադոքսալ է, իսպանացիներին դրդում են շտապ գնել բնակարան՝ վախենալով, որ վաղն այն ավելի թանկ կարժենա։

Որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ կարող է կրկնվել 18 տարի առաջվա հիփոթեքային «պղպջակը»՝ գների աճի դինամիկան չափազանց նման է։

Մյուսները շեշտում են, որ այսօր հիփոթեքի տրամադրման կանոնները շատ ավելի խիստ են, քան 18 տարի առաջ, և այդ պատճառով գների աճի տեմպերը վաղ թե ուշ պետք է դանդաղեն (ապահովված պահանջարկի նվազման հաշվին)․ արդեն 2026-ի համար կանխատեսում են ավելի մեղմ աճ, քան 2025-ին։