Հայաստանի ԶՈւ-ում հրադադարի խախտման արդյունքում մահվան դեպքերը կազմում են ընդհանուր թվաքանակի 12 տոկոսը:

Այդ մասին ասված է «Հայաստանի ԶՈՒ-ի հանդեպ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները» զեկույցում, որը ապրիլի 5-ին ներկայացրել է Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Զեկույցում ներկայացված վիճակագրության համաձայն, 2005-2011 թթ. Հայաստանի ԶՈՒ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 325 դեպք: 2007-ից 2011-ին գրանցված 245 մահվան դեպքերից 38-ը եղել են հրադադարի ռեժիմի խախտման, 29`ինքնասպանության, 68-ը` դժբախտ պատահարի, 72-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` առողջական խնդիրների, 8-ը` անվտանգության կանոնների խախտման, 1-ը` անհայտ հանգամանքների, 1-ը` կանխամտածված սպանության, 1-ը` ծառայության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով:

Տվյալները ցույց են տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահվան դեպքերը կազմում են ընդհանուր թվի 12 տոկոսը:

2010-ին գրանցվել է մահվան 44 դեպք, որոնցից 9-ը` հրադադարի ռեժիմի խախտման, 3-ը` անվտանգության կանոնների խախտման, 1-ը` ինքնասպանության, 24-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 2-ը` դժբախտ պատահարի, 5-ը` առողջական խնդիրների արդյունքում: 2011-ին գրանցվել է մահվան 39 դեպք, որոնցից 11-ը` հրադադարի ռեժիմի խախտման, 3-ը` անվտանգության կանոնների խախտման, 9-ը` ինքնասպանության, 5-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 2-ը` առողջական խնդիրների, 9-ը` ինքնասպանության, 5-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարների, 2-ը` առողջական խնդիրների, 1-ը` կանխամտածված սպանության, 1-ը` անհայտ հանգամանքների, 1-ը` ծառայության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքում:

Նաեւ նշվում է, որ 2010-ին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել 54 մահվան դեպքերից միայն 10-ի վերաբերյալ:

2011-ին պաշտոնական հաղորդագրություն է տարածվում  մահվան 39 դեպքերից միայն 32-ի վերաբերյալ, որը հանդիսանում է հասարակության եւ լրատվամիջոցների` Զինված ուժերում ստեղծված իրադրության եւ մարդկանց իրավունքների հարցերի հանդեպ ունեցած ուշադրության արդյունք: Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան որոշ դեպքեր գնահատվում են որպես պատահական մահ կամ ինքնասպանություն, սակայն, այդ կապակցությամբ հասարակական շրջանակներում որոշակի առարկություններ կան, քանի որ լրագրողների եւ իրավապահների հետազոտությունները ցույց են տալիս, որ իրական պատճառներն այլ են:

Այսինքն, Հայաստանի ԶՈՒ-ում չեն պահպանվում զինծառայողների կյանքի իրավունքը եւ փորձեր են արվում մահվան դեպքերը ներկայացնել որպես դժբախտ պատահար կամ պայմանավորել ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներով: Հենց դրանով է պայմանավորված զոհված զինվորների հարազատների դժգոհությունը:

Բացի այդ, եթե մահվան դեպքերում տեղեկություն կարելի է ստանալ զոհվածների հարազատներից, ապա կանոնադրային հարաբերությունների խախտման հարցում, որոնք մահվան չեն հանգեցնում, շատ ավելի քիչ տեղեկություններ կան: 2010-ին լրատվամիջոցները տեղեկություն են տարածել զինծառայողների հանդեպ ֆիզիկական բռնության 10 դեպքի մասին, իսկ 2011-ին` 15 դեպքի մասին:

Զեկույցում նաեւ ընդգծվում է, որ ԶՈւ-ում մարդու իրավունքների հարցում ստեղծված իրավիճակի մասին տեղեկությունները քիչ են եւ սահմանափակ, իսկ առկա ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական մեխանիզմները դեռեւս արդյունավետ չեն:

Ուսումնասիրությունները եւ իրավապահ մարմինները վերաբերմունքը ԶՈւ կաշառակերության հարցի հանդեպ ցույց են տալիս, որ այդ հարցը պատշաճ ուշադրության չի արժանանում: Ավելին, գործող իրավական մեխանիզմները հնարավորություն չեն ստեղծում Հայաստանի ԶՈւ-ում կոռուպցիոն ռիսկների նվազեցման եւ կոռուպցիայի դեպքերի կանխման նպատակով անհրաժեշտ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության  իրակացման համար, նշվում է զեկույցում: