Թեեւ Հայաստանում պաշտոնական տվյալներով այսպես ասած «լցնովի պաղպաղակներից» թունավորման դեպքեր չեն գրանցվել, սակայն դրանցից օգտվելը մի շարք ռիսկեր է պարունակում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակամահաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։ Նրա խոսքով՝ «լցնովի պաղպաղակների» սարքավորումները անպայման պետք է ենթարկվեն ճիշտ լվացման եւ ախտահարման, աշխատողը, որը վաճառում է այն, 6 ամիսը մեկ պետք է ենթարկվի բուժզննման, քանի որ կարող է ձեռքերի միջոցով պաղպաղակը փոխանցելով՝  աղիքային հիվանդությունների աղբյուր հանդիսանալ։

Մինչեւ 2006թ, գլխավոր պետական սանիտարական բժշկի հրամանով, արգելված էր փողոցային առեւտուրը, որի մեջ մտնում էր միս, մթամթերք, ձու, կթանամթերք,  կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ եւ այլն։ 2006թ Սննդի անվտանգության պետական ծառայության ստեղծումից հետո  այդ ոլորտի վերահսկումը նրանց վերահսկողության ներքո է։

Եղանակները տաքանալուն պես Երեւանի տարբեր հատվածներում կարելի է տեսնել «լցնովի պաղպաղակ» վաճառող անձանց։ NEWS.am-ի փոքրիկ մոնիթորինգը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում վաճառվում են այն տարածքներում, որտեղ ավելի շատ են լինում երիտասարդները, երեխաները, օրինակ՝ համալսարանների մոտ եւ այլն։ «Լցնովի պաղպաղակների» գները տատանվում են 100-ից 200 դրամի սահմաններում, ավելի թանկ են տեղադրված պաղպաղակները, օրինակ՝ իտալական պաղպաղակները, որոնք գդալով լցնում են բաժակի մեջ եւ վաճառում, դրանց գները սկսվում են 200 դրամից:

Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «լցնովի պաղպաղակի» վաճառքով զբաղվողները պետք է ունենան երկու սերտիֆիկատ՝ ամեն օրվա խմբաքանակի փորձաքննության փաստաթուղթը եւ ընդհանուր վկայականը։ Դրանք հնարավոր է փակցված լինեն այդ ապարատի վրա, հնարավոր է՝ոչ, բայց սպառողը կարող է պահանջել նման վկայականներ։ «Լցնովի պաղպաղակ» վաճառողները կարող են օգտագործել դրսի կամ տեղական հումք։ «Պետք է պահպանել նաեւ սանիտարահիգիենիկ պայմանները, օրինակ՝ վաճառողը լինի մաքուր հագնված, կոկիկ, անձեռոցիկով վերցնի այդ բաժակները եւ նոր փոխանցի, օրինակ՝ սիգարետը ձեռքին վաճառողից չարժե պաղպաղակ գնել»,- զգուշացրեց Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ «լցնովի պաղպաղակների» վաճառքի դաշտը տարեցտարի ավելի է կանոնակարգվում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ «Առաջին հերթին փողոցային առեւտրի վերացումը Երեւանում, երկրորդը՝ շուկայում ալտերնատիվ պաղպաղակների առաջ գալը, օրինակ՝ տեղադրովի պաղպաղակները, երբ շերեփով լցնում են բաժակների մեջ, եւ երրորդ՝ ուժեղ մրցակցությունը, որի հետեւանքով անորակ ապրանքը դուրս է մղվում շուկայից»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Սննդի անվտանգության պետական ծառայության նախորդ տարվա հետազոտությունը 6 տաղավարների շրջանում ցույց է տալիս, որ դրանցից 4-ը թերություններ ունեին, իսկ երկուսի դեպքում բոլոր չափանիշներին համապատասխանում էին։ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ եթե սպառողը ականատես լինի, որ առանց որեւէ սերտիֆիկատի «լցնովի պաղապաղակ» են վաճառում կամ չեն պահպանում սանիտարահիգիենիկ պահանջները, ապա կարող է դիմել Սննդի անվտանգության պետական ծառայություն եւ տեսչությունը կզբաղվի ահազանգով։ Ի դեպ, եթե պարզվի, որ «լցնովի պաղպաղակներ» վաճառողները չեն ապահովել համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ, ապա նրանք կտուգանվեն առավելագույնը 300 հազար դրամի չափով։

Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը