Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլեւ քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձեւով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները եւ պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռեւս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, եւ աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջեւ ձեւավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ այժմ գիտությունն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա եւ հավաստիացրել, որ գիտաժողովի արդյունքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեւորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարել է պարտավորեցնող եւ շնորհակալություն հայտնել բարձր գնահատանքի համար:



























