Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է գալ ինձ հետ բանավեճի, թող իզուր «տինտիրիտներ» չանի: Այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:

«Նույն ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի: Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է «Նույնիսկ ասեմ. թող ֆորմատն էլ իրենք որոշեն, տեղը, վայրը»,- նշել է Փաշինյանը եւ հավելել. ««Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը»:

Ըստ Փաշինյանի, իրենք որոշել են, որ  բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով եւ, ինչպես առաջարկել էր Հայրապետյանը, պետք է վերաբերվի ներքաղաքական հարցերին:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր երեկոյան ներկայանալ «Արմնուզ» հեռուստաընկերություն եւ Հայրապետյանին էլ հրապարակայնորեն կանչել է բանավեճի:

Խոսելով իր մրցակից Սամվել Ալեքսանյանի հետ բանավեճի մասին` Փաշինյանը նշել է. «Ես ասում եմ` Սամվել, արի տղամարդավարի կանգնի իմ դեմ: Պետք չէ թաքնվել կանանց թիկունքում: Սա ընտրություն է, շաքարի ներկրում չէ, օղու կեղծում չէ»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի