Ընտրական գործընթացների սցենարներն արդեն գրված են եւ դերակատարողներն ու իրականացնողներն արդեն հայտնի են. Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ հավելելով, որ նախապես բոլորս էլ գիտենք ընտրությունների արդյունքները եւ «այսքան սուտը ժողովրդի համար շատ է»: «Կա ահավոր խզում ժողովրդի եւ ղեկավար մարմինների միջեւ: Մտավորականներ ենք, եկել ու խոսում ենք դրա մասին, բայց ի՞նչ օգուտ, մյուս մտավորականների ձայնը չի լսվում: Այսպես հնարավոր չի երկիրը փրկել»,- ասաց Դավիթ Գասպարյան՝ շեշտելով, որ ԱԺ-ն լցված է օլիգարխներով ու որոշ հոգնած դեմքերով։ Նրա կարծիքով՝ եւ այսօր նրանք բացահայտ հայտարարում են, որ ով շատ փող տա, նրան էլ կընտրեն։ Ասուլիս մյոսւ բանախոսը՝ գեղանկարիչ Սամվել Սեւադան նշեց, որ հայ հասարակության ընտրական մշակույթը նախամարդկային աստիճանի վրա է, եւ «եթե Հայաստանում ընտրություններից առաջ 5000-անոց խոսակցությունները չեն դադարել, ուրեմն հասարակության մակարդակը ոչ թե իջել է, այլ այդ «իջնելուց» էլ է ցածրացել»: Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ կանայք դեմ էին դուրս եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի այդ տարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանին եւ նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված, գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը վանկարկելով Փաշինյանից պահանջել էին հեռանալ իրենց բակից՝ Սամվել Սեւադան նշեց, որ դա իրեն հիշեցրեց «Խաթաբալադա» ներկայացման հայտնի դրվագը, երբ վճարի դիմաց կանանց առաջարկվում է լաց լինել: «Նշանակություն չունի, թե ո՞վ է թեկնածուն. տարբեր դեպքեր են եղել, բայց ոչ այսպիսին: Պատգամավորի թեկնածուն ժպիտը դեմքին 45 րոպե մարտնչում էր դրանց դեմ: Եթե քսան տարի առաջ լիներ, գուցե հասկանալի կլիներ, բայց հիմա անհարմար է»,- ասաց նա: Իսկ Դավիթ Գասպարյանը նշեց, որ ընտրություններին նախապատրաստված այս կանանց «Մատյան գունդը» դեռ նախընտրական սցենարի առաջին դրվագն է:
Թեեւ մեծ ցանկություններին, մտավորականները, այնուհանդերձ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից դրական փոփոխություն չեն ակնկալում. «Կունենանք այն, ինչ ունենք՝ մի քանի դեմքերի փոփոխությամբ, իսկ սա նշանակում է՝ անդեմություն»,- ասաց Դավիթ Գասպարյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























