Թերթը զրուցել է գործող պատգամավոր, ՀՀԿ համասնական ցուցակի 34-րդ հորիզոնականը զբաղեցնող Առաքել Մովսիսյանի հետ, ով առավել հայտնի է Շմայս մականունով:

Պարոն Մովսիսյան, Ձեր անունը վերջին շրջանում շատ է շրջանառվում` որպես ՀՀԿ ցուցակի մականունավորներից մեկը: Կասե՞ք, ինչո՞ւ են Ձեզ Շմայս կոչում:

Եկեք իմ տարածաշրջան, կարող ա Մովսիսյան Առաքել չճանաչեն, բայց Շմայս բոլորը գիտեն: Ես սպորտի վարպետ էի, երբ բանակից եկանք, պատերազմը սկսվեց: 20-21 տարեկան տղաներ էինք, մենք մեղավո՞ր էինք, որ պատերազմ սկսվեց: Ջոկատները հավաքեցինք, Ռուսաստանից «Շմայսեր»ավտոմատ եմ բերել ու դրանից հետո իմ անունը մնաց Շմայս: Շմայսը մականուն չի, էսօր ամբողջ աշխարհը գիտի, թե Շմայսն ով ա եւ ինչի համար ա Շմայս կնքվել: Դա մականուն չի, պատմություն ա:

Եկեք իմ տարածաշրջան ու կտեսնեք, որ իմ դռները միշտ բաց են, իմ համար կարեւոր չի` ընտրության ա, թե` չէ: Ես աշխատել եմ էդ ժողովրդի հետ, ապրել եմ, մենք էդ ժողովրդի ծոցից ենք ծնվել, չենք կարա ուրիշ ճանապարհ բռնել, որովհետեւ գյուղացու ապրած կյանքը երբեք չի կարա փոխվի: 10 երեխա ենք եղել` 9 եղբայր, 1 քույր: Պատկերացնո՞ւմ ես մի տնից 6 ախպեր պատերազմ ա գնացել, ո՞նց կարա վատ ընտանիք լինի: Մենք ներկայացնում ենք ճիշտ ուղին` դեպի պետականությունը: Եթե խրվել ենք, մինչեւ վերջ պետք ա գնանք, հասնենք մեր նպատակին:

Ձեր անունը հատկապես շրջանառվեց Արմեն Մարտիրոսյանի հետ հայտնի միջադեպից հետո:

Մենք Արմեն Մարտիրոսյանի հետ երբեւիցե ոչ մի պրոբլեմ չենք ստեղծել: Շատ էլ նորմալ տղա ա: Վրեժխնդրություն չի եղել, դրանից մի ժամ հետո բարեւ ենք տվել, մարդավարի, նորմալ ջահել ա, աճում ա, ի՞նչ վատ ա: Մենք մեր ջահելներին պետք ա էսօր աճեցնենք, որ կարողանան մեզ փոխարինել: Տղա ա, կսխալվի էլ, ով կա էս երկում, որ չի սխալվում:

Այսինքն` ի՞նքն է սխալ թույլ տվել:

Իհարկե, մենք դպրոցում չէինք գտնվում, որ ասեր` լռություն մինչեւ ես կխոսեմ: Սխալ ու ճիշտ չկա, ինքն էլ իրա չափով ա ճիշտ: Բայց դա դուք սարքել եք հայոց պատմություն, մենք ավելի կարեւոր գործեր ունենք, ոչ թե ընկնեք, թե ով ինչ ասեց: Փողոցում մարդ էլ են խփում, սպանում, ուրեմը ամբողջ կյանքում պետք ա ընկնե՞նք էդ մի սպանության հետեւից, մնացած գործերը թողե՞նք: Միջադեպ էր, անցավ գնաց, ես ու Արմեն Մարտիրոսյանը իրար հետ սեղան էլ ենք նստել-հելել: Մենք բոլորս էլ մտածում ենք մեր խաղաղ երկրի զարգացման համար, ամեն ինչ էլ տեղի ունենում ա, ամենակարեւորը, որ թարախ չշնչես, իսկ եթե հոգով կեղտ եղար, ոչ մի բան էլ չի փրկի: