Հայկական ազգային դրամների պատմությունը սկսում է մ.թ.ա. երրորդ դարից: Այդ մասին այսօր` ապրիլի 17-ին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի դրամագետ Գեւորգ Մուղալյանը` Աշտարակ քաղաքում ելույթ ունենալով նորաբաց «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» ցուցահանդեսի ժամանակ:

ԿԲ-ն պարբերաբար Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում կազմակերպում է նման ցուցահանդեսներ: Աշտարակինը թվով յոթերորդն է: Ըստ ԿԲ վարչության անդամ Արմենակ Դարբինյանի` 2 խնդիր են լուծում. ներկայացնել դրամաշրջանառության պատմությունը եւ կրթել այցելուներին` ծանոթացնելով դրամավարկային քաղաքականության նրբություններին: Նման ցուցահանդեսներին հատկապես շատ են այցելում դպրոցականները:

Դրամագետ Գ. Մուղալյանի ներկայացմամբ` հայկական թագավորական դինաստիաներից դրամներ հատել են Արտաշեսյանները եւ Կիլիկյան թագավորները: Իսկ ահա Արշակունիրներն ու Բագրատունիները, ցավոք սրտի, դրամներ չեն հատել: Ազգային դրամների պատմությունը վերսկսվում է 1918 թ. եւ նոր թափ ստանում երրորդ հանրապետության ժամանակ` 1993 թվականից: