Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարներ Արթուր Գրիգորյանը եւ Արմեն Աշոտյանը, ապրիլի 18-ին կստորագրեն համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի  N 2 հավելածի  1.2 կետ պահանջից:

Ներկայում Հայաստանում առկա է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, որտեղ գտնվում են  շուրջ 2800 երեխա:

Ակնհայտ է, որ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների խնամքը համակարգված չէ, եւ այն չի իրականացվում 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ սահմանված խնամքի եւ պաշտպանության սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան:

Համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որին հանձնարարվում է ՀՀ Վարչապետի կողմից սահմանված ժամկետում ուսումնասիրել հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական եւ սոցիալական կարիքները, դրանց հիման վրա մշակել «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում եւ դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող Գործողությունների ծրագրի» նախագիծը եւ  ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հաստատմանը: