Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանը, հնարավոր է, երկրորդ հայցադիմումը ներկայացնի դատարան եւ երկրորդ նամակն ուղարկի վարչապետին՝ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ ռեկտորին խիստ նկատողություն հայտարարելու հրամանի հետ կապված։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ երկրորդ խիստ նկատողությունից, որն այսօր է տրվել:
Նրա խոսքով՝ այսօր համալսարանում եղել է խորհրդի նիստ, որի ժամանակ արձանագրվել են վերջին դեպքերը։ Դրան հրավիրված էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը չէր եկել։ Ռեկտորի խոսքով՝ ներկա չէր նաեւ նրա կողմից որեւէ ներկայացուցիչ, ինչը Սուրեն Զոլյանը պատճառաբանում է ասելիք չունենալու հանգամանքով։ «Սա յուրահատուկ երկխոսության ձեւ է, որին մենք պատրաստ ենք, համարժեք քայլեր կձեռնարկենք»,- ասաց ռեկտորը։
Նրա խոսքով՝ նույն հաջողությամբ ինքը կարող է Աշոտյանին նկատողություններ տալ. «Եթե դա Facebook-ում կամ Twitter-ում է արել, ապա իր անձնական գործն է, նույն հաջողությամբ ես կարող եմ իրեն նկատողություն տալ, բայց ոչ ես, ոչ ինքը նման իրավասություն չունենք, ես դա գիտակցում եմ, իսկ ինքը ձեւ է անում՝ իբր չի գիտակցում, իրեն բազմիցս բացատրվել է որ ինքը այդ իրավասությունը չունի»,- նշեց ռեկտորը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 17-ին, կրկին հրաման է ստորագրել` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին:
Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանն ազատվել է ԵՊԼՀ ռեկտորի պարտականությունների կատարումից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից, ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը եւ որոշի Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:



























