«Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված երիտասարդի ոտքը վաղը վիրահատելու են: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը:
«Գյուղում արդեն ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց տներն են գնացել, ով աշխատանքի է` աշխատանքի, ոչ մի արտառոց բան չկա»,-ասաց նա: Այս ամենին նպաստել է Լոռիի մարզպետի եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի այցելությունը Թեղուտ, ինչպես նաեւ ձեռնարկության կողմից գյուղացիների պահանջները բավարարելը: «Այս պահին արդեն մեղավորները ազատված են աշխատանքից, նախաքննություն է գնում, առանձնապես էլ խնդիրներ չկան»,- նշեց գյուղապետը:
Նա տեղեկություններ չուներ տուժածի վիճակի մասին, միայն նշեց, որ վաղը պետք նրա ոտքը վիրահատեն:
NEWS.am-ի այն դիտարկմանը, որ շուտով բնապահպանական խմբեր պետք է գյուղ այցելեն, պատասխանեց, որ իրենք կարողանում են իրենց պաշտպանել, եւ որեւէ մեկի կարիքը չունեն:
NEWS.am-ը պարզաբանումներ խնդրեց նաեւ Լոռիի մարզի դատախազ Կարեն Շահբազյանից, վերջինս նշեց հետեւյալը. «Թեղուտում միջադեպ է տեղի ունեցել գյուղի բնակիչների եւ ձեռնարկության անվտանգության աշխատակիցների միջեւ: Տեղի է ունեցել ծեծկռտուք, կան տուժածներ, վնասվածք ստացած անձինք, առավոտյան նաեւ գյուղացիներն են դժգոհություն հայտնել, ճանապարհը փակելով»: Դատախազի վստահեցմամբ, միջադեպն արդեն հարթված է, օպերատիվ-քննչական խումբը տեղում իրականացնում է համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ, վիճակը վերահսկելի է, որեւէ այլ բան այս պահին ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գյուղացիների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: «Էյ Սի Փի» ընկերության անվտանմգության պետ Սամվել Դավթյանը եւս 4 աշխատակիցների հետ ծեծել են թեղուտցի 5 երիտասարդների, մամուլի հրապարակումների համաձայն միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակիցներից մեկի կողքով ու փոշի բարձրացրել:
Հանքավայրը տնօրինող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին:


























