Երեւանում այսօր` ապրիլի 17-ին, բացվել է գերմաներենի ուսուցման նոր կենտրոն, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչը եւ գործընկերը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Գերմանիայի արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ բացման արարողությունը` նախարար Արմեն Աշոտյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը պաշտոնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: Կարեւորվել է գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավումը: Նախարարը պատրաստակամություն է արտահայտել աջակցելու, որպեսզի գերմաներենի ուսուցումը Հայաստանում դրվի ավելի լավ հիմքերի վրա: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնել գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:
Այնուհետեւ Կորնելիա Պիպերը եւ Արմեն Աշոտյանը մասնակցել են գերմաներենի ուսուցման կենտրոնի բացմանը: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով նորաբաց կենտրոնի մուտքը կրթական համակարգ, նշել է, որ վերջին մի քանի տարիներին հայ-գերմանական կրթական ծրագրերի ծավալը եռակի աճել է: « Գերմանիան մեր կարեւոր կրթական գործընկերներից է: Մեր արժեհամակարգը խարսխված է կրթության վրա, ինչը կարեւոր հանգամանք է եվրոպական ինտերգրացիայի ճանապարհին: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս կենտրոնը կնպաստի, որ Հայաստանում բացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ»,-նշել է Արմեն Աշոտյանը: Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը, իր ելույթում կարեւորելով կենտրոնի բացումը, շեշտել է. «Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին պաշտոնական այցը Հայաստան համընկել է այս կենտրոնի բացմանը, ինչը երկկողմ քաղաքական հարաբերությունների արդյունք է: Ես հուսով եմ, որ Գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնը կխթանի երկկողմ կրթական քաղաքականության զարգացմանը եւ կնպաստի, որ գերմաներենը Հայաստանի քաղաքացիների համար դառնա արդյունավետ հաղորդակցության միջոց»:



























