2008թ. ՀՀ կառավարությունը հայտարարեց Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագրի մասին, իսկ տեխնոպարկի գաղափարն ավելի վաղ էր ծագել` դեռ 2006 թ.: Շատերին դա անտեղի թվաց` երկրաշարժի հետեւանքները չեն վերացվել, երազելու պահը չէ: Իրականոմ ոչ մի ուտոպիա չկար` կառավարությունը պարզապես փորձում է տեղայնացնել միջազգային փորձը:

Միջազգային փորձը հուշում է, որ բնավ էլ պարտադիր չէ տեխնոպարկերը ստեղծել մայրաքաղաքային կոնգլոմերատներում: Ռուսաստանում 60 տեխնոպարկ է ստեղծված, ու դրանցից 2-3-ն են Մոսկվայում: Երբ ԱՄՆ-ում անցյալ դարի 50-ական թվականներին ստեղծում էին առաջին տեխնոպարկը, Սթենֆորդի համալսարանը (նահանգ Կալիֆորնիա) ընդամենը ցանկանում էր ինչ-որ կերպ օգտագործել համալսարանի մերձակա ամայի տարածքը:

Տեխնոպարկը այն տարածքն է, որտեղ կենտրոնանում են գիտահետազոտական ինստիտուտներ (լաբորատորիաներ), արտադրամասեր, գործարար կենտրոններ, ուսումնական հաստատություններ, ցուցասրահներ; Այսինքն` որոշակի տարածքում ստեղծվում է ինժեներական մտքի կրիտիկական զանգված, որն ունակ է գաղափարը հասցնել մինչեւ արտադրություն: Գիտնականը նույն վայրում կարողանում է հետազոտել, դասավանդել ու իր հետազոտության արդյունքները գործնականում կիրառել:

Տեխնոպարկերի ստեղծման հարցում ակնհայտ ուշանում ենք: Գյումրիի տեխնոպարկը, ըստ 2009 թ. ծրագրի պետք է սկսեր 2010 թ., բայց միայն այս տարի կառավարությունը 160 մլն դրամ հատկացրեց: Տեխնոպարկի առաջնային մոդելը մշակվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից` Իռլանդիայից հրավիրված փորձագետ Քեվին Թոմփստոունի աջակցությամբ: Շենքը կառուցվելու է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի կիսավեր շենքի տեղում: Նախագիծն ի դեպ բավական հաջողված է (ճարտարապետներ Մհեր Չերքիզյան, Սասուն Քալաշյան, Սուրեն Առաքելյան), կարող է առաջացնել նույնիսկ եվրոպական տեխնոպարկերի նախանձը:

Շենքն իհարկե կարեւոր է, բայց գլխավորը բովանդակությունն է: Իրականում տեխնոպարկն արդեն գործում է, ու ոչ այնքան լավ շենքային պայմաններում արդեն հաջողություններ է արձանագրում: Ստեղծված են մի քանի ընկերություններ, ճարտարագիտական լաբորատորիաներ, գործում է «Դ-Լինք» (D-link) անդրսահմանային ընկերության հետ համատեղ ստեղծված հետազոտական լաբորատորիան: Վերջինիս հետ մի հետաքրքիր պատմություն կա կապված: Ասում են` «Դ-Լինքի» ղեկավարությունը մի կարեւոր ինժեներական խնդիր է առաջարկում լուծել կորեական ու հնդկական կենտրոններին, սակայն խնդիրը չի լուծվում: Իսկ Գյումրիի լաբորատորիան տալիս է անհրաժեշտ լուծումները, ու հիմա «Դ-Լինքը» Գյումրիում նոր զարգացման ծրագրեր է առաջ քաշել, թեսթավորման կենտրոն է ստեղծում, իր առանձին շենքն է կառուցում:

Ըստ Գյումրիի տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանի` ինժեներական ու հետազոտական մտքի համար ստեղծված է անհրաժեշտ աշխատանքային միջավայր, հավաքվում է անհրաժեշտ կադրային բազան; Այսինքն` հիմնական խնդիրը լուծված է, հիմքը կա: Նրա խոսքով` աշխատելու են ռեվոլվերային համակարգով` տարածքներ տրամադրում են սկսնակ ընկերություններին, որոնք հզորանալով կտեղափոխվեն այլ տարածքներ, իսկ ազատված տարածքներում կտեղակայվեն նորերը:

Գյումրիի Տեխնոպարկի գործունեության մոդելը հետեւյալն է; Օպերատորը (Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը) հայտարարում է հետաքրքիր գաղափարների մրցույթ, հետո հաղթած գաղափարը վերածվում է բիզնես-մոդելի, այնուհետ դրա իրականացման համար կառավարությունը հատկացնելու է 14 մլն դրամ: Այս ֆորմատով արդեն 7 ընկերություն դարձել է Գյումրիի տեխնոպարկի ներկայացուցիչ: Կան հետաքրքիր գաղափարներ, որոնք միս ու արյուն են ստանում: Օրինակ` «Սեյսմիկ Թեքնոլոգիս» ընկերությունը թվային եռաչափական նոր սեյսմիկ համակարգ է նախագծել ու փորձնական նմուշ պատրաստել, որը միանգամից 6 տվյալ է հաղորդում: Սա սեյսմիկ մոնիտորինգը հեշտացնող կարեւոր գյուտ է, որը կարող է կիրառում գտնել ոչ միայն Հայաստանում:

Տեխնոպարկի առավելությունն այն է, որ այնտեղ օգնում են ցանկացած անհատ գյուտարարի: Ռոբերտ Սարգսյանը ստեղծել է մածուցիկ նյութեր չափող սարք, որն ունի նույն արդյունավետությունը, ինչ ամերիկյան նմանակը, սակայն ավելի պարզեցված լուծումներ ու անհամեմատ ցածր ինքնարժեք: Իր գյուտը բերել է տեխնոպարկ ու աջակցություն ստացել այլ գիտնականների կողմից; Եթե միայնակ մնար` հազիվ թե ինչ-որ բան կարողանար ձեռնարկել:

Ակնհայտ է, որ Գյումրիի տեխնոպարկի հաջողությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանի ողջ ՏՏ ոլորտի համար, որի նմանությամբ կստեղծվեն նոր տեխնոպարկեր այլ քաղաքներում: Սակայն պետք է հաշվի առնել, որ տեխնոպարկերի գիտական ու տեխնոլոգիական առավելությունն ի հատ է գալիս երկար տարիների ընթացքում:

 

Սամվել Ավագյան