Երեւանի թիվ 42 ավագ դպրոցում ջրծաղիկով հիվանդների թիվն ավելացել է, հիվանդությունը վերածվում է համաճարակի: Այս մասին NEWS.am-ին նամակով ահազանգում են թիվ 42 ավագ դպրոցի ծնողական, ուսուցչական, աշակերտական խորհուրդները. նրանք դիմում են համապատասխան կառույցներին օգնության ակնկալիքով եւ պահանջում են փակել դպրոցն ու կարանտին հայտարարել:
«Տեղեկացնում ենք որ անցած երկուշաբթի օրվանից սկսած թիվ 42 ավագ դպրոցում ջրծաղիկով հիվանդների թիվն ավելացել է: Այս անակնկալ հիվանդությունը տարածվեց ողջ դպրոցով մեկ: 2 շաբաթ է ինչ այս մասին ոչ ոք չի խոսում մամուլում: Դպրոցը հարկավոր է փակել: 4,6,7,8,10,11,12-րդ դասարանների աշակերտները վարակվել ու հիվանդացել են անհայտ ծագման նյութից: Աբողջ դպրոցում վախի մթնոլորտ է տիրում: 6-րդ դասարանի աշակերտները ամբողջովին հիվանդ են եւ չեն հաճախում դպրոց: 5-ական աշակերտներ 10 եւ 11-րդ դասարաններից նույնպես հիվանդ են: Աշակերտները միմյանցից հեռավորություն են պահում եւ անգամ չեն էլ խոսում: Շատ վատ վիճակ է նաեւ բացակայություններն են շատացել: Անօգնական վիճակում են դպրոցի ուսուցիչները որոնք նույնպես վախենում են վարակվելուց: Կազմալուծվել է դպրոցի բնականոն աշխատանքը: Ղեկավարությունը չգիտի թե ինչ է պետք անել»,- նշել են նրանք։
Ահազանգի հետքերով NEWS.am-ը դիմեց Կրթության եւ գիտության նախարարությանը, որտեղից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չեն ստացել, սակայն վաղը ընթացք կտան դրան։
Իսկ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակամահարաճակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիլիթ Սահակյան NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ Երեւանի թիվ 42 ավագ դպրոցում վերջին 50 օրվա ընթացքում արձանագրվել է ջրծաղիկի 20 դեպք, որոնք տարբեր տարիքային խմբերի երեխաներ են։ «Դրանք տարբեր դեպքեր են, երեխաները կարող են իրար հետ շփվել, այդ թիվը ոչ բռնկում է, ոչ համաճարակ է, ջրծաղիկի համար անգամ սպեցիֆիկ պրոֆիլակտիկա չկա ու չի էլ պահանջվում։ Համապատասխան հրահանգ ենք տվել հատկապես բուժաշխատողներին, որ նման դեպքերում պետք է օդափոխություն ապահովել, որպեսզի հնարավորություն չտանք, որ վարակը տարածվի»,- ասաց նա։
Լիլիթ Սահակյանի խոսքով՝ կարանտին հայտարարելու կարիք չկա, որովհետեւ դեպքերի թիվը մեծ չէ։ «Եթե դեպքերը շատանում են, ապա բուժաշխատողները հանդես են գալիս առաջարկով, ինչպես նաեւ դպրոցի ղեկավարությունը դիմում է Կրթության եւ գիտության նախարարությանը եւ նրանք հայտարարում են կարանտին»,- ասաց նա։
Մասնագետի դիտարկմամբ՝ այս տարի հանրապետությունում ջրծաղիկի դեպքերի թիվը նվազել է՝ ի տարբերություն 2011թ։ «Դա սեզոնային հիվանդություն է, օդակաթիլային վարակ եւ փակ տարածություններում այն ավելի շուտ է փոխանցվում»,- ասաց Լիլիթ Սահակյանը՝ շեշտելով, որ բոլոր դպրոցները գտնվում են հսկողության ներքո։ Նա կարեւորեց նաեւ ծնողների հետ աշխատանք տանելը, բացատրել, թե վարակի աղբյուրը որն է, եւ եթե երեխան հիվանդ է, ապա չտանել դպրոց, հասարակության հետ շփումները դադարեցնել, այնպես անել, որ վարակը չտարածվի։



























