Խոտի սեզոնը առատ կաթ է խոստանում, սակայն աշխատանքի հերոսները շուկային չեն օգնի: Ընդհակառակը` այսօր արտադրողները գերադասում են կաթի փոշի` որպես ավելի էժան եւ կայուն հումք: Առաջարկ-պահանջարկի մեխանիզմները ֆերմերները փորձեցին պարզել ապրիլի 17-ին` հավաքվելով գյուղնախարարության առջեւ, հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցն իրադարձության վայրից:

Թթվասեր, կաթնաշոռ, պաստերիզացված կաթ` այստեղ կաթը պարտադիր չէ «սարերից բերել», փոշին էլ կանցնի: Իսկ պանրի դեպքում ֆերմերային բիդոնները պետք է ընդունել. փոշուց պանիր չի արտադրվում: 

Դրա համար էլ, նախորդ անգամ ՀՀ գյուղնախարարություում վերամշակողների հետ հանդիպումը լուսաբանելիս, մեր հարցականները հենց պանրի կողքն էինք շարել: Իսկ հիմա ուշադրություն են պահանջել նաեւ իրենք` ֆերմերները: Մինչեւ մայիսի 15-ը նախարարությունը խորհուրդ է տալիս վերամշակողներին կաթը 140 դրամ/լիտրի պակաս չմթերել` հակառակ սցենարի մասին խոսուն ակնարկներ տալով: Սակայն ֆրեմերներին հետաքրքրեց մեկ այլ հարց. արդյոք մայիսի 15-ից հետո, այդ «պաշտպանիչ վահանը» չի՞ անջատվի:

Հարցի պատասխանն ակնկալելով`Կոտայքի եւ Արագածոտնի մարզի մի շարք ֆերմերներ հավաքվեցին ՀՀ Գյուղնախարարության մոտ, որտեղ նրանց հարցերին պատասխանեց անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ նրա, մայիսի 15-ից հետո էլ նախարարությունը կաշխատի այս կամ այն մեթոդով փոխըմբռնման հասնել արտադրողների հետ, որոնք կաթը կընդունեն գոնե 130 դրամով: Սակայն այդպիսի գինն էլ ֆերմերներին այլեւս չի գոհացնում. նախորդ տարիների 80-90 դրամանոց կաթին նույնիսկ մի քայլ մոտենալ պատրաստ չեն: Թանկ կաթի դեպքում այդ նույն արտադրողը, որին մեջբերել էինք նախորդ հրապարակման մեջ, կրկնեց` պանիր չի արտադրելու: Ֆերմերերն էլ պատրաստ են դրան պատասխանել անասունների սպանդով:

Ֆերմերներից մեկը, մեր հարցին ի պատասխան, նշեց, որ այսօր էլ կաթի դիմաց խոստացած 140-ը չի ստանում` ոչ ավել, քան 130: Բացատրությունը կաթի ցածր յուղայնությունն է: Մթերման կետում այն ներկայացվում են 3,3%, իսկ այլընտրանքային լաբորատորիայում, որտեղ դիմում է ֆերմերը,  այն դառնում է 3,8%: «Յուղային խաղերից» էլ իջնում է գինը:  

Մթերող ընկերության ներկայացուցիչը (հայտնի ընկերություն, որին վկայակոչել էր դժգոհ ֆերմերը եւ որի անունը չենք նշի) անհասանելի էր զանգերի համար:

Իսկ գնորդին պանիրը հասանելի կդառնա՞:

 

Արամ Գարեգինյան