Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկին ախտորոշել են քաղցկեղ հիվանդություն։ Ամերիկյան Berkshire Hathaway Inc ներդրումային ընկերության ղեկավար միլիարդատեր Ուորեն Բաֆեթը դիմել է բաժնետերերին հատուկ հայտարարությամբ, որում հայտնել է, որ հիվանդ է շագանակագեղձի քաղցկեղով՝ նախնական փուլում։

«Բժիշկները համոզված են, որ հիվանդությունը կյանքի համար վտանգավոր չէ: Վերլուծություները ցույց են տվել, որ քաղցկեղը չի տարածվել մարմնի մնացած մասերում: Սա լավ նորություն է», - հայտարարել է նա, հաղորդում է ՆՏՎ-ն:

Հուլիսին 81-ամյա ներդրողը կսկսի բուժման երկամսյա կուրսը եւ ճառագայթային բուժում կստանա։ Քաղցկեղի դեմ պայքարը կպահանջի ժամանակ եւ ուժ, այդ պատճառով էլ միլիարդերը պետք է հրաժարվի գործուղումներից, սակայն ամենօրյա կենսակերպը փոխել մտադիր չէ։ Փետրվարին ֆինանսիստը հայտարարել էր, որ կողմնորոշվել է ընկերության ղեկավարի իր հաջորդի թեկնածությամբ, սակայն անուն չի տվել։

2008 թվականին Բաֆեթը գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակն ըստ Forbes-ի։ Այս տարի  գործարարը 44 միլիարդանոց կարողությամբ վարկանիշի երրորդ տեղում է։