82 տարեկան հասակում, ապրիլի 18-ին, ԱՄՆ-ում մահացել է հանրահայտ հեռուստա եւ ռադիոհաղորդավար, American Music Awards մրցանակաբաշխության հիմնադիր Դիք Քլարքը: Այս մասին հայտնել է նրա գործակալը:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Դիք Քլարքին ճանաչում բերեցին այնպիսի հեռուստաշոուներ, ինչպիսիք են «Ամերիկյան աստղը» եւ «Բուրգ» խաղային շոուի 5 տարբերակները: Ամերիկյան հեռուստադիտողը դեռ երկար կհիշի Թայմ-Սքուերից ամանորյա ուղիղ հեռարձակումները. շուրջ 30 տարի այդ շոուն եղել է ամենագլխավոր ամանորյա հեռուստաիրադարձություններից մեկն ԱՄՆ-ում:
1970-ականներին Քլարքը հիմնադրել է ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկը` American Music Awards-ը, որը պետք է դառնար Grammy-ի ժողովրդական օրինակը:




























