Մայիսի 7-ին Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ՀՅԴ-ն դուրս են գալու փողոց՝ բողոքարկելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թիվ 11 ընտրատարածքում ինքնաառաջադրված, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է, նա ներքուստ այդպես է զգում եւ տեսնում:
Նա նշեց, որ եթե այդ ուժերը պայքարեն ժողովրդի համար, հնարավոր է՝ իրեն եւս տեսնենք այդ ուժերի հետ հրապարակում, ավելին՝ Մանվել Եղիազարյանը խոստանում է լինել առաջամարտիկը:
Պատգամավորության թեկնածուն չի պատրաստվում առաջադրված որեւէ կուսակցության ձայն տալ, բայց քանի որ քվեաթերթիկում բացակայում է «բոլորին դեմ» տարբերակը, ապա նա բոլորի վրա խաչ կքաշի եւ կջնջի: Իսկ թե ինչ արդյունքներ կարող ենք ակնկալել ընտրություններից, Մանվել Եղիազարյանի խոսքով, տարիներ շարունակ իշխող կուսակցությունը օգտագործել է վարչական ռեսուրսը եւ մեծամասնություն է կազմել, «այս տարի էլ այդպես կլինի»:
Ի դեպ, անդրադառնալով որեւէ կուսակցության համամասնական ցուցակում իր ընդգրկվելուն, Մանվել Եղիազարյանը նշեց, որ «նման առաջարկ չի եղել, ինքն այդ ժամանակ Հայաստանում չէր, որ իրեն չառաջարկեն, որպեսզի ստիպված չմերժեր»: Համամասնականով չառաջադրվելու պատճառը, նրա խոսքով, այն է, որ այդ դեպքում հնարավոր է ինքը չկարողանար իրեն պահել այնպես, ինչպես հիմա է պահում:
Իսկ մեծամասնականով նա առաջադրվել է ժողովրդին հարց տալու, նրանց հարցերը լսելու համար, «որեւէ սեփականություն կամ բիզնես չունի, որ պետք է պահի պատգամավորի մանդատով»:
«Գիտե՞ք ինչ կա, մենք բոլորս լավն ենք, բա ինչի՞ է մեր վիճակը այսպիսին, ես մեղադրում եմ բոլորին, եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը»,- ասաց «Արաբո» ջոկատի հրամանատարը:



























