Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր` ապրիլի 19-ին այցելել է Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարան` հանդիպելու ուսանողների հետ եւ քննարկելու բուհի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախապես որոշվել է, որ ուսանողների հետ հանդիպումը կայանալու է համալսարանի դահլիճում: Այդ առաջարկը, որ արել էր բուհի ոսւխորհուրդը, զայրացրել է համալսարանի մյուս ուսանողներին, ովքեր դրսում վանկարկել են «Զոլյան», «Աշոտյան իջիր» կարգախոսները:
ԿԳ նախարարը ստիպված է եղել իջնել ցած եւ բացօթյա պատասխանել ուսանողների հարցերին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն:
Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»։
Աշոտյանի ապրիլի 18-ի հրամանով պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Այդ որոշումը հարուցել էր մի շարք ուսանողների բողոքը, եւ նրանք երեկ բողոքի ակցիա էին անցկացրել ԿԳՆ-ի եւ կառավարության մոտ:



























