Երեւանի «Նեմո» դելֆինարիումը փակվում է ապրիլի 22-ին, այն կվերաբացվի հոկտեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Դելֆինարիումի փակման պատճառը կենդանիների Ռուսաստան հյուրախաղերի մեկնելն է: Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, թե դելֆինները չեն դիմանում այստեղի պայմաններին եւ նրանց անվերադարձ են տանում, տնօրենի խոսքով, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Առանց դելֆինների դելֆինարիումը չի կարող գործել. դրա համար էլ նրանց մեկնելուց հետո այն ժամանակավոր չի գործի: Դելֆիններին վտանգ չի սպառնում, որքան կենդանի եկել էր, այնքան էլ մեկնում է` 4 դելֆին եւ երկու փոկ»,- ասաց նա` վստահեցնելով, որ «կենդանիների վիճակը նորմալ է, եւ  եթե պայմանները խնդիր առաջացնեին, ապա հետ չէին վերադառնա»:

Լիլիթ Սահակյանի խոսքով` դելֆինարիումը չի փակվի եւ դելֆինները անպայման կվերադառնան:

Նշենք, որ «Դելֆինարիում-Նեմո»  ընկերության կողմից Երեւան քաղաքում կառուցված դելֆինարիումը գործում է 2010 թ. դեկտեմբերից: Բնապահպանական կազմակերպությունները բազմիցս դեմ են հանդես եկել Երեւանում դելֆինարիումի գործունեությանը: Գրեթե 2 տարի նրանք ահազանգում էին, որ երեւանյան «Նեմո» դելֆինարիումը հարմար չէ խոշոր ծովային կենդանիներ պահելու համար, եւ  դելֆինները չեն դիմանա նման ահավոր պայմաններին` ծայրաստիճան սահմանափակ տարածքում ապրելուն, մեծ ծանրաբեռնվածությանը եւ քլորացված ջրին: