Էջմիածնի թիվ 20-րդ ընտրատարածքում արդեն 4-րդ անգամ առաջադրվող թեկնածու Հրանտ Գրիգորյանը, ով, ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, հայտարարում է, որ պատգամավոր եղած ընթացքում աշխատել, չարչարվել է ժողովրդի համար, սակայն օրինակներ չի հիշում:
«ԱԺ պատգամավոր լինելով աշխատել եմ, չարչարվել եմ, ինչ կարացել եմ, ինչ հնարավորություն Աստված տվել ա, փորձել եմ օգտակար լինեմ ժողովրդին, բայց օրինակներ չեմ հիշի, քանի որ կնշանակի, որ ոչինչ չեմ արել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Գրիգորյանը: Վերջինս, թեեւ նշեց, որ մեր հարցերը տարօրինակ են եւ օրակարգից դուրս, բայց, բոլոր դեպքերում, պատասխանեց, ինչը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Գրիգորյան, թեեւ գիտեմ, որ լրագրողներին չեք սիրում, բայց ուզում եմ, որ մի քանի հարցի պատասխանեք:
Ինչի՞ չեմ սիրում: Չէ, ես բավականին լավ հարաբերությունների մեջ եմ լրագրողների հետ եւ բավականին բարեկամ լրագրողներ ունեմ: Նման բան չկա, չի էլ կարող լինել: Լրագրողներն էլ իմ պես մարդիկ են ինչի՞ չպետք է չսիրեմ:
Ասում են, որ թիվ 20 ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրվել եք, անկուսակցական Էդուարդ Անտոնյանի թեկնածությունը ներքին կարգով առաջադրել է Մանվել Գրիգորյանը: Ավելին` նշվում է, որ Ձեր հիմնական մրցակիցը հենց նա է:
Ես նման տեղեկություն չունեմ:
Իսկ նրան լուրջ մրցակից համարո՞ւմ եք, թե` ոչ:
Ես ոչ մեկի էլ լուրջ մրցակից չեմ համարում:
Իսկ Ձեր ինքնավստահությունն ինչո՞վ է պայմանավորված:
Իմ աշխատանքով տվյալ ընտրատարածքում: Ես 4-րդ անգամ եմ առաջադրվում այդ ընտրատարածքում:
Այս ընթացքում ի՞նչ չհասցրեցիք անել, որ ցանկանում եք հերթական անգամ ընտրվելով, ավարտին հասցնել:
Կիսատ գործեր շատ կան, որոնք դեռ պետք է ավարտին հասցնենք: Եթե տեղյակ եք ՀՀԿ-ի թիմի անդամ եմ, այնպես, որ դա նույնն է, որ հարցնեք, թե ՀՀԿ-ն այսօր ինչի՞ համար է առաջադրվել եւ ինչ կիսատ գործեր է թողել: Ինչի ՀՀԿ-ում կիսատ գործեր չկա՞ն:
Ասում են Ձեզ պատգամավոր դառնալու հարցում օգնել է գեներալ Մանվել Գրիգորյանը, այնինչ այսօր նրա հետ լարված հարաբերությունների մեջ եք: Ի՞նչն է եղել պատճառը, որ Ձեր հարաբերությունները լարվել են:
Շրջանցեցինք այդ թեման:
Կան շատ պատգամավորներ, որ նրանց ընտրատարածքում ճանաչում են ոչ թե անուն ազգանունով, այլ` մականունով: Ձեզ Ձեր ընտրատարծքում ինչ անունով են ճանաչում:
Ինչի՞, Գրիգորյան Հրանտը քիչ ա: Ինձ բավարարում է Գրիգորյան Հրանտ անուն ազգանունը: Պարտադիր չէ, որ բոլորը ճանաչեն: Ինչքան էլ, որ ճանաչում են, ինձ բավարարում է:
Իսկ ճանաչողները շա՞տ են:
Խնդրում եմ մայիսի 7-ին արդյունքները կնայեք եւ կիմանաք, թե ինչքան մարդ է ճանաչում:
Պարոն Գրիգորյան, ՀՀԿ-ն ասում էր, որ բիզնեսմեններ չպետք է լինեն խորհրդարանում: Դուք, բացի քաղաքական գործունեությունից բիզնեսներ ունե՞ք, գործարարությամբ զբաղվո՞ւմ եք, թե` ոչ:
Ես ոչ մի գործարարությամբ էլ չեմ զբաղվում: Սեփականություն ունեմ, բայց ոչ մի գործարարությամբ չեմ զբաղվում, ոչ մի տեսակի:
Դուք ձեր ամբողջ ունեցվածքը հայտարարագրում նշե՞լ եք, թե՞ որոշ պաշտոնյաների պես խուսափել եք:
Էդ ի՞նչ ունեմ, էդ ինչքան ա, որ հայտարարագրեմ կամ չհայտարարագրեմ: Շատ ափսոս, որ քիչ ա:
Ինչքան է, որ քչություն է անում, միայն պատգամավորի աշխատավա՞րձն է Ձեր եկամտի աղբյուրը:
Ինչի՞ պետք է պատգամավորի 300 հազար դրամը լինի, երբ որ ես սեփականություն ունեմ: Ես չեմ հասկանում էդ որտեղից եք գտնում այդ հարցերը: Ես Ձեզ հետ անկեղծ զրուցում եմ, բայց ընենց տարօրինակ հարցեր եք տալիս, որոնք ընդհանրապես օրակարգում գոյություն չունեն:
Այնուամենայնիվ, կասե՞ք, թե ինչ սեփականություն ունեք: Երթուղային գծե՞րն են, թե այլ եկամուտներ եւս ունեք:
Ես ինչ ունեմ բոլորն էլ գիտեն եւ ամեն ինչն էլ հայտարարագրված է: Միայն դա չէ, էլի կան եկամտի աղբյուրներ: Եթե էլ հարցեր չկան, ինձ ցանկացեք հանգիստ բարի քարոզարշավ եւ, իհարկե, հաղ-թա-նակ:
Լավ Ձեր գլխավոր զենքն այս ընտրապայքարում, ո՞րն է լինելու:
Ժողովուրդը, սերը, անուն ազգանունս, անքան գլխավոր զենք կա:
Իսկ ինչի՞ շնորհիվ եք վաստակել ժողովրդի սերը:
Աշխատել եմ, չարչարվել եմ, ինչ կարացել եմ, ինչ-որ հնարավորություն Աստված տվել ա, փորձել եմ օգտակար լինեմ:
Կհիշե՞ք մի, օրինակ, երբ քաղաքացիներից մեկը դիմել է Ձեզ նրան օգնել եք, բայց մինչ օրս ազդված եք այդ քաղաքացու պատմությունից:
Ես ըտենց օրինակներ չունեմ, ոչ գրում եմ, ոչ գրանցում, ոչ հաշվում եմ, ոչ նկարահանում, ոչ ցուցադրում, ոչ էլ ռեկլամում: Ես իմ կյանքով ապրում եմ: Եթե ես պատգամավոր էլ չլինեմ, էլի ըտենց ապրելու եմ: Ոչ մի օրինակ էլ չեմ ասի: Որ ասեմ, արդեն դուրս կգա, որ ոչ մի բան էլ չեմ արել: Լավ եղեք:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը



























