Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ հացահատիկի և հատիկընդեղեն մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 361 հազար 500 տոննա: Այս մասին դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` նշելով, որ հացահատիկի արտադրության ցածր ցուցանիշը կառավարության համար անհանգստացնող խնդիր է դարձել:
Ըստ նրա` Հայաստանը տարեկան մոտ 650 հազար տոննա հացահատիկի պահանջ ունի, սակայն դրա մեծ մասը ներկրվում է: «Տարեկան միջինը 360 հազար տոննա պարենային ցորեն է ներկրվում Հայաստան»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանում գյուղացիները չեն ցանկանում հացահատիկ աճեցնել, քանի որ տեղական սերմը բարձր բերքատվություն չի ապահովում, եւ եկամուտը քիչ է լինում: «Դրա փոխարեն կարտոֆիլ են ցանում, բայց այդ դեպքում էլ երկու տարի է կարտոֆիլի գերարտադրություն ենք ունենում»,- ասաց Ս. Գալստյանը` նշելով, որ գյուղնախարարությունը ծրագրեր ունի հացահատիկի բարձր բերքատվություն ապահովող սերմեր ներկրել: Ըստ նրա` տեղական ցորենի սերմով մեկ հեկտարից 2 տոննա բերք է ստացվում: «Դա քիչ է, մեկ հեկտարից պետք է 3-4 տոննա բերք ստացվի, որ հացահատիկ արտադրելը եկամտաբեր դառնա»,-ասաց Ս. Գալստյանը` ավելացնելով, որ վերջին 5 տարիներին հացահատիկի ցանքատարածությունները նվազում են:
Փոխնախարարը նշեց, որ այժմ մեկ հեկտար ցորեն ցանելու դեպքում կառավարությունը 35 հազար դրամ սուբսիդավորում է իրականացնելու աշնանացանի եւ գարնանացանի ժամանակ: Ըստ նրա` առաջիկա մեկ շաբաթում կսկսվի 2009-ի աշնանացանի համար կատարված փաստացի ցանքերի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարման գործընթացը, որն ամբողջ հանրապետությունում կկազմի 17450 հեկտար։




























