Մինչեւ դեկտեմբերի 27-ը կավարտվի Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց քաղաքապետարանի մամուլի բաժնի աշխատակից Սասուն Համբարձումյանը: Նա նշեց, որ տոնածառը Հանրապետության հրապարակում կլինի մինչեւ հունվարի 13-ը ներառյալ: Համբարձումյանի փոխանցմամբ, տոնական միջոցառումների ցանկը դեռ հստակեցված չէ, սակայն մոտ օրերս պարզ կլինի:
Այս տարվա տոնածառի բարձրությունը 29 մետր է (3 մետրով բարձր է նախորդ տարվանից) եւ այն ամբողջությամբ պատրաստված է սանիտարահիգենիկ էտման արդյունքում առաջացած 4500-5000 սոճու ճյուղերից:
Հատկանշական է, որ այս տարի տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են ավելի վաղ: Դեկտեմբերի 2-ին արդեն տեղադրված էր տոնածառի հիմնական ձողը: Նշենք, որ անցած տարի տոնածառի տեղադրման եւ զարդարման աշխատանքերը սկսվել էին դեկտեմբերի 7-ից հետո:




























