«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փորձում են գցել ժողովրդի աչքից իր զենքի պատմությունով: Այդ մասին` այսօր` ապրիլի 23-ին, հայտարարել է ինքը` Ծառուկյանն Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Առավոտ.am»-ի փոխանցմամբ, Ծառուկյանը կոնկրետ չմատնանշեց, թե ով կամ որ քաղաքական ուժն է փորձում սեպ խրել իր եւ ժողովրդի միջեւ, միայն ասաց, որ չնչին բաներից փորձում են պատմություններ սարքել, ստվերում թողնելով հիմնական խնդիրները:

«Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը ու որ տեսնում եմ էս վստահությունը…»,- ասել է Ծառուկյանը` կոչ անելով չհավատալ նման խոսակցություններին, որ կպտտվեն իր անվան շուրջ, ինչպես նաեւ չտրվել  մարզպետների, քաղաքապետերի եւ գյուղապետերի ճնշումներին ու քվեարկել այն ուժի օգտին, որին իրենք իսկապես վստահում են:

Ավելի վաղ NEWS.am-ը տեսանյութ էր տեղադրել, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ապրիլի 13-ին, Էջմիածնում ընտրարշավի ժամանակ ժողովրդի առաջ ծնկի իջած պահին գոտկատեղին փակցված ոսկեզօծ առարկա է երեւում, որը շատերը նմանեցնում են ատրճանակի։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ դա ոչ թե ատրճանակ է, այլ VERTU հեռախոս, իսկ Գագիկ Ծառուկյանը ամոթանք էր տվել լրագրողներին, երբ նրան հարցրել էին այդ մասին: Ապրիլի 18-ին, Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ անդամ դարձած Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դա այնուամենայնիվ զենք է: