Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հանդիպել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու առիթով Երեւան ժամանած Մինսկի պատվիրակության ղեկավար, քաղգործկոմի նախագահի տեղակալ Իգոր Կարպենկոյի հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին` Վանո Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մինսկի պատվիրակությանը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու համար: Երեւանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երեւանը կարեւորում է Մինսկի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ հստակ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իգոր Կարպենկոն նշել է, որ հիացած է Երեւանով, տոնական միջոցառումներով ու հյուրասեր երեւանցիներով: «Հրաշալի տպավորություններով եմ հեռանալու Երեւանից: Ձեր մայրաքաղաքն իսկապես տոնական էր թե հանդերձանքով, թե ջերմ մթնոլորտով»,-նշել է Մինսկի քաղգործկոմի նախագահի տեղակալը` ընդգծելով, որ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է:

Իգոր Կարպենկոն Վանո Վարդանյանին է փոխանցել Մինսկի քաղգործկոմի նախագահ Նիկոլայ Լադուտկոյի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հղված ջերմ ողջույնները եւ Մինսկ այցելելու պաշտոնական հրավերը: