« Հայաստանը դիմավորում է այս օրը նոյեմբերի 17-ին հրապարակված` „Թրանսփարենսի Ինթերնեշնլ“ միջազգային հակակոռուպցիոն շարժման կոռուպցիայի ընկալման համաթվի անկմամբ, 180 երկրների շարքում մնալով պետությունների այն խմբում, որտեղ տիրում է համատարած կոռուպցիա: 2003թ.-ից ի վեր մեր երկիրը ձեռներեցների ու փորձագետների կողմից ընկալվում է որպես մի երկիր, որում չի արձանագրվում եւ ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում»: Այդ մասին ասված է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի՝ դեկտեմբերի 9-ին տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2009թ. հունիսին հրապարակվել էին ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց` հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 43 տոկոսը նախորդ 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել, իսկ 48 տոկոսն էլ անարդյունավետ է համարել կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը, չնայած երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնություններին: «ՀՀ իշխանությունները ընդունել են մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխություններ, Վերահսկիչ պալատը հանդես է եկել պետական կառույցներում ֆինանսական չարաշահումների բացահայտումներով, պետական պաշտոնյաները ենթարկվում են քրեական հետապնդման՝ կոռուպցիոն հանցագործությունների համար, բնակչությունը իրազեկվում է կոռուպցիայի բացասական ազդեցության մասին եւ այլն:
Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանը մնում առավել կոռումպացված երկրների շարքում»,- հարցնում են կազմակերպության պատասխանատուներն ու նկատում. «Պատճառները ակնհայտ են. արմատացված ու համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման եւ քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների իրավունքը եւ մարդու այլ հիմնարար ազատությունները, չխրախուսելով ազատ մամուլը:
Քանի դեռ մեր երկրում անտեսվելու են այս հիմնախնդիրները թե' իշխանությունների կողմից, եւ թե' նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերողների կողմից, եւ քանի դեռ մեր հասարակությունը հանդուժելու է անարդարությունը, անօրինականությունը եւ անբարոյականությունը, իսկ շատ դեպքերում էլ ներքաշվելու է դրանց մեջ, կոռուպցիան Հայաստանում շարունակելու է իր կործանարար արշավը, ինչն ավելի ակնհայտ է դառնում շարունակվող տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի պայմաններում»:




























