Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 9-ին դատավոր Գագիկ Պողոսյանը պետք է հրապարակեր Մատենադարանի նախկին փոխտնօրեն, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Արշակ Բանուչյանի դատավճիռը, սակայն դատավորն այդպես էլ չի ներկայցել նիստերի դահլիճ: Մոտ կես ժամ անց նիստերի քարտուղարը հայտարարել է, թե դատավորը դեռ դուրս չի եկել խորհրդակցական սենյակից եւ դեռ չի կայացրել դատավճիռը, ուստի դատավարությունը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Արշակ Բանուչյանի համար 4,5 տարվա ազատազրկում է պահանջել: Արշակ Բանուչյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվել եւ շուրջ 4 ամիս պահվել է բանտում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Նախաքննական մարմինը, սակայն ստիպված էր ազատ արձակել Բանուչյանին՝ չկարողանալով ապացուցել նրա մեղքը, սակայն նրա դեմ 2008թ. հուլիսին կրկին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 179 (Վատնում) եւ 205 հոդվածի (Հարկերից խուսափում) հոդվածներով, իբր հարկեր չի վճարել Մատենադարանի բացիկների համար: Բանուչյանի հետ նույն գործով մեղադրվում էին Մատենադարանի երկու աշխատակիցներ, որոնց դատարանն ազատ արձակեց համաներմամբ, իսկ Բանուչյանը հրաժարվեց համաներումից՝ պահանջելով իրեն արդարացնել ամբողջությամբ:




























