Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Երեւանցիներին առավել հայտնի է «Մերգելյան ինստիտուտ» անվամբ) մշակել եւ արտահանում է հատուկ ապակի` արեւային (սոլար) մարտկոցներում կիրառելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԵրՄՄԳՀԻ գլխավոր տնօրեն Արսեն Թարոյանը: 2011 թ. արտահանման ծավալը կազմել է մոտ 400 մլն դրամ;

«Ապակին արտահանում ենք ռուսական «Մոնոկրիստալ» ընկերության միջոցով Գերմանիա: Փոշու տեսքով փոխանցում ենք «Մոնոկրիստալին», որն այն խառնում է իր ալյումինի պաստաների հետ` ապահովելով կպչունությունը»,-ասաց Ա. Թարոյանը: Նրա տեղեկացմամբ` «Մոնոկրիստալը» ալյումինե պաստաների համաշխարհային շուկայում 15-20 %-ի դեր ունի: Այդ պաստաների բաղադրության մեջ հայկական ապակին 2% է:

Ա. Թարոյանի խոսքով` ապակին ինովացիոն պրոդուկտ է, որը երկար ժամանակ չի կարող բարձր շահութաբերություն ապահովել, քանի որ մրցակիցները շուտով կսկսեն նույնից արտադրել; Մրցակցությանը դիմանալու եւ շուկայում դիրքերը պահելու համար ԵրՄՄԳՀԻ-ում սկսել են նոր տեսակի ապակիների մշակումները: