Այսօր՝ ապրիլի 29-ին, Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)՝ կայուն և «կանաչ» զարգացմանը նվիրված համաժողովի հիմնական միջոցառումները։

Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՇՀԿ Բարիդրացիության, մտերմության և համագործակցության կոմիտեի նախագահ Շեն Յուեյուեն, Չինաստանի Չժեցզյան նահանգի նահանգապետ Վան Հաոն, ինչպես նաև կազմակերպության անդամ երկրների շրջակա միջավայրի նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները։

Շեն Յուեյուեն ընթերցել է նախագահ Սի Ծինփինի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Իր ելույթում նա ընդգծել է, որ «կանաչ» զարգացման թեմայով հատուկ համաժողով անցկացնելու առաջարկը Սի Ծինփինն արել էր դեռ 2025 թվականին՝ Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Պատահական չէ, որ միջոցառումն անցկացվում է հենց Չժեցզյան նահանգում. հենց այստեղ է ծնվել «Կանաչ լեռներն ու զմրուխտյա ջրերը անգին գանձեր են» գաղափարախոսությունը, և հենց այստեղ է իրականացվել տնտեսության լայնամասշտաբ վերափոխումը՝ շեշտը դնելով էկոլոգիական արտադրության ու բնության պահպանման վրա։

Նա ընդգծել է, որ այսօր Չինաստանն աշխարհում առաջատար է տարածքների կանաչապատման, անտառատնկման, ինչպես նաև քամու և արևի էներգիայի կիրառման ոլորտներում։ Դրանք օգնում են նվազեցնել վնասակար արտանետումները։ Չինաստանն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների հետ՝ զարգացնելով «կանաչ» տնտեսությունը և արտահանելով էկոլոգիապես մաքուր արտադրության փորձը։

Շեն Յուեյուեի խոսքով՝ ՇՀԿ անդամ երկրները պետք է կյանքի կոչեն գլոբալ զարգացման նախաձեռնությունը՝ որպես հիմնարար սկզբունք ընդունելով պետությունների ինքնիշխան հավասարությունն ու միջազգային իրավունքը։ Նա նաև հավելել է, որ նորարարությունները պետք է դառնան «կանաչ» վերափոխման շարժիչ ուժը՝ խրախուսելով համատեղ լաբորատորիաների ստեղծումն ու բուհերի ու գիտական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհայիլ Խանն իր ելույթում հիշեցրել է, որ 2025 թվականը հայտարարվել է ՇՀԿ-ի կայուն զարգացման տարի։ Այս կարևոր որոշումն ընդգծում է Կազմակերպության ձգտումը՝ հասնելու ներդաշնակ զարգացման, որտեղ բնապահպանությունը, տնտեսությունն ու հասարակական շահերը փոխլրացնում են միմյանց՝ ապագա սերունդների համար ստեղծելով կայուն ու բարենպաստ պայմաններ։

«ՇՀԿ-ն ակտիվորեն խորացնում է համագործակցությունն այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են բնապահպանությունը, «կանաչ» զարգացումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պահպանումն ու բնական պաշարների խնայողաբար օգտագործումը։ Ուշադրության կենտրոնում են նաև աղքատության կրճատումը, առողջապահության բարելավումն ու մարդկանց կյանքի որակի բարձրացումը։ Այս ամենը լիովին համահունչ է ՄԱԿ-ի՝ մինչև 2030 թվականը նախատեսված կայուն զարգացման օրակարգին և այն 17 նպատակներին, որոնք ընդգրկում են մարդկային կյանքի գրեթե բոլոր կողմերը՝ բնապահպանությունից ու տնտեսական աճից մինչև սոցիալական արդարություն ու միջազգային գործընկերություն»,- նշել է նա՝ հավելելով, որ այսօր կայուն զարգացման թիրախներին հասնելու ճանապարհին բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել։

«Այսօր նկատելիորեն տարբերվում են թե՛ պետությունների շահերը, և թե՛ Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին նրանց կատարած քայլերը։ Խնդիրն ավելի են խորացնում ֆինանսավորման պակասը, միասնական կանոնների բացակայությունը և ածխածնային շուկայում առկա արհեստական արգելքները։ Ավելի շատ կարծիքներ են հնչում այն մասին, թե հարուստ էներգակիրներ ունեցող երկրների համար «կանաչ» օրակարգն ամբողջությամբ ընդունելն ուղղակի անհնար է։ Իրավիճակի վրա բացասաբար են անդրադառնում նաև միակողմանի պատժամիջոցները, դաշինքների միջև պայքարն ու անվտանգության աճող սպառնալիքները։

Այս ամենը հաշվի առնելով՝ հասունացել է ՇՀԿ-ի ողջ ներուժն ու անդամ երկրների փորձն ավելի արդյունավետ օգտագործելու պահը։ Հատկապես կարևոր է այն պետությունների գիտելիքը, որոնք արդեն իսկ զգալի հաջողությունների են հասել կայուն զարգացման թիրախներին հասնելու ճանապարհին»,- նշել է նա։

«Գլոբալ կառավարման նախաձեռնության իրագործումն ու ՇՀԿ-ի «կանաչ» և կայուն զարգացման միասնական խթանումը» խորագրով համաժողովի նպատակն է զարգացնել գործնական համագործակցությունը ՇՀԿ անդամ երկրների միջև և նպաստել տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր ու ցածր ածխածնային տնտեսության անցմանը։

Համաժողովին մասնակցում են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP 17) Հայաստանի նախագահության հատուկ հանձնակատար Մհեր Մարգարյանն ու Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գրիգորյանը։

Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՇՀԿ Բարիդրացիության, մտերմության և համագործակցության չինական կոմիտեն, Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարությունն ու Չժեցզյան նահանգի կառավարությունը։