Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և, հետևաբար, չեմ մեկնաբանում այս կամ այն քաղաքական հայտարարությունները։ Այս մասին ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ հարցին, որը, ի թիվս այլնի, միտված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զբաղեցրած պաշտոնից հեռացնելուն։
Գլխավոր դատախազությունը, նրա խոսքով, գնահատականներ չի տալիս քրեական վարույթի շրջանակներից դուրս։ Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ Վարդապետյանը, մասնավորապես, վստահեցրել է, որ նպատակ է դրված այդ վարույթներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում։
«Սա արվում է նրա համար, որպեսզի չլինեն մեկնաբանություններ, թե գործընթացները ձգձգվում են կամ ինչ-որ արհեստական օրակարգեր են առաջ մղվում։ Ամեն ինչ արվում է, որպեսզի վայրկյան առաջ ձեռք բերվեն այն անհրաժեշտ ապացույցները և որոշում կայացվի՝ արդյոք գործը ենթակա է դատարան ուղարկվելու, թե՝ ոչ», - ընդգծել է գլխավոր դատախազը։




























