Նիդերլանդների մի քանի շրջաններում միաժամանակ բնական խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնց մի մասն առաջացել է ռազմական հրաձգարաններում: Դրա մասին գրում է NOS-ը:

Ամենալուրջ իրավիճակը ստեղծվել է երկրի հարավային Վերտ քաղաքի շրջանում, որտեղ կրակի արագ տարածման պատճառով տարհանվել են Kempen Airport օդանավակայանը և Բուդելի փախստականների տեղավորման կենտրոնը, որտեղ ապաստանում էր մոտ 1500 մարդ:

Անվտանգության ծառայության տվյալներով՝ Վերտի մոտակայքում հրդեհի մակերեսը հասել է մոտ 500 հազար քառակուսի մետրի: Կրակը մոտեցել է օդանավակայանի տարածքին՝ վտանգելով ավիացիոն վառելիքի պահեստարանները: Տեղում աշխատում են տասնյակ հրշեջ ջոկատներ, իսկ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հրդեհաշիջման համար ջրի բացթողման համակարգերով հագեցած երկու ծանր Chinook ուղղաթիռ է ուղարկել:

Մեկ այլ խոշոր հրդեհ է բռնկվել Էյնդհովենից ոչ հեռու գտնվող Օյրսխոտսե-Հեյդե ռազմական հրաձգարանում: Տեղական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդմամբ՝ հրդեհը կարող էր սկսվել Chinook ուղղաթիռի մասնակցությամբ զորավարժությունների ժամանակ: Վկաները պատմել են, որ ծուխը հայտնվել է ուղղաթիռներից մեկի մանևրից անմիջապես հետո: Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեպքի պատճառները դեռ հետաքննվում են:

Միաժամանակ հրդեհները շարունակվում են երկրի այլ հատվածներում ևս. Լիմբուրգի նահանգում՝Հելդենի և Կեսելի միջև ընկած անտառներում, կրակի մակերեսը հասել է տասնյակ հազարավոր քառակուսի մետրերի: Գելդերլանդի նահանգի Հարդե ռազմական հրաձգարանում հրդեհը սկսվել էր դեռ նախօրեին և մինչ օրս ամբողջությամբ չի մարվել: Հրդեհներ են գրանցվել նաև Նորդվեյկի մոտակա ավազաբլուրներում և ավելի վաղ՝ Ասենի մոտ տեղակայված ռազմական օբյեկտում:

NOS գործակալության տվյալներով՝ ներկա պահին երկրում միաժամանակ գործում է առնվազն հինգ բնական հրդեհ:

Հրշեջ ծառայությունները նախազգուշացնում են, որ իրավիճակը կարող է վատթարանալ: Տևական երաշտի պատճառով Նիդերլանդների գրեթե բոլոր շրջանները փոխադրվել են բնական հրդեհների պատրաստվածության առավելագույն մակարդակի: